25/01/2026

Ռուսաստանը որպես ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների համար «մշտական, բայց կառավարելի սպառնալիք»

ԱՄՆ պատերազմի նախարարությունը հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարության հիմնական ուղղությունները: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ-Նովոստին՝ հղելով ամերիկյան մամուլին:

Փաստաթղթում Ռուսաստանը գնահատված է որպես ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների համար «մշտական, բայց կառավարելի սպառնալիք»: Պենտագոնի բնորոշմամբ՝ ուկրաինական պատերազմը վկայում է, որ Ռուսաստանը «դեռևս ունի ռազմական և արտադրական նշանակալի պահուստներ և պատրաստվում է իր սահմանների մոտ տևական պատերազմի»:

Միացյալ Նահանգների պատերազմի նախարարության կանխատեսումը, որ Ռուսաստանն իր սահմանների մոտ «տևական պատերազմի է պատրաստվում», ամենայն հավանականությամբ, արված է ինչպես քաղաքական զարգացումների տրամաբանության, այնպես էլ՝ հետախուզական և այլ բնույթի վերլուծական տվյալների վրա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեսզբին Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել է «բազմաբևեռ աշխարհակարգի» հարցը:

Անգամ թռուցիկ դիտարկումը բավարար է, որպեսզի պարզ լինի, որ առանց հետխորհրդային տարածքի «վերաինտեգրման» Ռուսաստանը չի կարող նոր «աշխարհակարգում բևեռ լինել»:

ԱՄՆ պաշտպանության նոր ռազմավարության փաստաթղթում արձանագրված է, որ Միացյալ Նահանգների դաշնակիցներն «Ռուսաստանից ուժեղ են» և բերված է Գերմանիայի օրինակը, որի տնտեսությունը գերազանցում է Ռուսաստանին, մի երկիր, որ մտել է տնտեսական ստագֆլյացիայի և ժողովրդագրական ճգնաժամի փուլ:

Խիստ կարևոր է նկատել, որ փաստացի անոնսավորելով հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի ռազմա-տնտեսաքաղաքական հավակնությունները, Միացյալ Նահանգները ռուսաստանյան սպառնալիքից միայն ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունն է հասցեագրում Եվրոպային՝ իրեն վերապահելով «կրիտիկական աջակցություն ցուցաբերելու» հանձնառությունը:

Հետխորհրդային երկրներից Ղազախստանը, Ուզբեկստանը, Հայաստանը և Ադրբեջանը մասնակցել են ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» հիմնադիր նիստին: Նույն օրվա վերջին Ռուսաստանի նախագահ Պուտինը Կրեմլում ընդունել է Դոնալդ Թամփի հատուկ բանագնացներին:

Հաջորդ օրն Աբու-Դաբիում մեկնարկել են ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունները, որտեղ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ԶՈՒ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության պետ ծովալ Կոստյուկովը: Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական զորքերը հեռանան Դոնեցկի մարզում իրենց զբաղեցրած վերջին դիրքերից:

Ընդ որում, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հստակ ասել է, որ «տարածքային հարցերը պետք է կարգավորվեն Անքորիջում համաձայնեցված բանաձեւով»: Դա նշանակում է Ուկրաինայի ինքնիշխան տարածքի մոտ մեկ քառորդի Ռուսաստանին բռնակցում:

Իսկ ո՞րն է Ռուսաստանի տևական պատերազմի պատրաստվելու մոտիվացիան: Հետխորհրդային երկրների հնազանդեցո՞ւմ: Վերջերս ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկը պատմական անդրադարձ կատարելով՝ ճակատագրական է բնորոշել նաեւ 1919 թվականը:

Դա բոլշեւիկյան Ռուսաստանի և Բրիտանական կայսրության միջև դիվանագիտական շփումների հաստատման կամ, ավելի ճիշտ, Արևմուտքի կողմից սպիտակգվարդիական շարժմանը դավաճանելու տարին է:

Դավոսի խորհրդաժողովից հետո ԱՄՆ պատերազմի նախարարության հրապարակումն, ամենայն հավանականությամբ, Դոնալդ Թրամփի աշխարհաքաղաքական ուղերձն է, Միացյալ Նահանգները կենտրոնանում է Երկիր մոլորակի արևմտյան կիսագնդում բացարձակ հեգեմոնիա հաստատելու առաջնահերթության վրա: