20/04/2026

EU – Armenia

Որքան մեծ է գրականությունը, երբ այն ծնվում է ցավից, բայց մնում է լի կարեկցանքով. Խալեդ Հոսեյնիի ծննդյան օրն է

Այսօր նաև ծննդյան օրն է աֆղան-ամերիկացի գրող, բժիշկ, մարդասիրական գործիչ Խալեդ Հոսեյնիի։

Երբ առաջին անգամ բացում ես նրա գրքերը, թվում է՝ մտնում ես մի աշխարհ, որի մասին լուրերը միայն պատերազմների ու ավերակների լեզվով էին խոսում։ Եվ հանկարծ՝ նույն այդ հողից հառնում է քնքուշ, ցավոտ, խորը գրականություն։

May be an image of one or more people and suit

«Օդապարուկ թռցնողը» վեպում մանկության ընկերությունը դառնում է մեղքի, դավաճանության և քավության պատմություն։ Ամիրն ու Հասանը պարզապես հերոսներ չեն․ նրանք մարդկային խղճի երկու ծայրերն են։ Այդ վեպը կարդալիս հասկանում ես՝ պատերազմից առաջ էլ, հետո էլ մարդը մնում է մարդ՝ իր վախերով, իր սիրով, իր անզորությամբ։

«Հազար չքնաղ արևներ»-ում Հոսեյնին ձայն է տալիս կանանց։ Մարիամի ու Լայլայի ճակատագրերը դառնում են Աֆղանստանի կանանց լուռ ճիչը։ Այնքան նուրբ, այնքան դաժան ու այնքան մարդկային պատմություն է, որ էջերն ավարտելուց հետո երկար ժամանակ լռում ես։ Այդ լռությունը հարգանքի է նման։

Իսկ «Եվ արձագանքեցին լեռները» արդեն մի ամբողջ խճանկար է՝ բաժանումների, գաղթի, ընտանիքների ճաքած ճակատագրերի մասին։ Այստեղ ցավը միայն ազգային չէ․ այն համամարդկային է։ Լեռները իսկապես արձագանքում են, որովհետև յուրաքանչյուր կորուստ իր ձայնն ունի։

Հոսեյնին ապացուցեց, որ Աֆղանստանը միայն քաղաքական վերնագրերի երկիր չէ։ Այն նաև հիշողությունների, մանկության բակերի, մայրերի աղոթքների, կորսված եղբայրների ու չմոռացվող սիրո երկիր է։

Եվ, երևի, ամենամեծ զարմանքը հենց սա է՝ որքան մեծ է գրականությունը, երբ այն ծնվում է ցավից, բայց մնում է լի կարեկցանքով։

Սիմոն Սարգսյան