«Եվրամիությունը լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ բարեփոխումները խթանելու և երկկողմ համագործակցությունը խորացնելու»։
Այս մասին հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։
Մարթա Կոսը նշեց, որ Հայաստանը Եվրամիության համար վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում՝ ընդգծելով տարածաշրջանի աճող նշանակությունը աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։
«Սա կարևոր տարի է Հայաստանի համար, մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ երբևէ անցկացվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը: Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար, և որքան է խորացել մեր գործընկերությունը»,- ասաց նա։
Հանձնակատարի խոսքով՝ վերջին տարիներին զգալի աճ է արձանագրվել Հարավային Կովկասով անցնող բեռնափոխադրումների ծավալներում, որոնք 2022 թվականից ի վեր քառապատկվել են։
Նրա գնահատմամբ՝ ենթակառուցվածքային ներդրումների շնորհիվ հնարավոր է է՛լ ավելի մեծացնել այդ ցուցանիշը՝ նվազեցնելով փոխադրումների ժամանակն ու ծախսերը։
Կոսը նաև ընդգծեց, որ ԵՄ աջակցությունը չի սահմանափակվում միայն տնտեսական համագործակցությամբ, այն դիտարկվում է նաև որպես խաղաղության խթանման գործիք։
Նա նաև ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ կարևորելով տարածաշրջանային կապակցվածության զարգացումը։
Հանձնակատարի տվյալներով՝ «Դիմակայության և աճի» ծրագրի շրջանակում ԵՄ-ն արդեն աջակցել է շուրջ 7000 ձեռնարկության և նպաստել ավելի քան 20 հազար աշխատատեղի ստեղծմանը։
«Իրականացվում են նաև ծրագրեր կրթության, սոցիալական ծառայությունների և բնակարանաշինության ոլորտներում, ինչպես նաև աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրմանը՝ ավելի քան 70 միլիոն եվրոյի չափով»,- ընդգծեց Կոսը։
Մարթա Կոսի խոսքով՝ նոր 140 միլիոն եվրոյի աջակցությունը միտված է նաև այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց ապահովելու համար։
«Այս միջոցները կնպաստեն այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց գրանցելու համար»,- նշեց նա։
Կոսը նաև անդրադարձավ ժողովրդավարական գործընթացներին՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում՝ ապահովելու ազատ և արդար ընտրությունների անցկացումը։
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը ողջունել է տիկին Կոսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է՝ քննարկելու ՀՀ-ԵՄ համագործակցության հարուստ օրակարգը, որը հետևողականորեն շարունակում է ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօրվա հանդիպմանը ցանկանում է լսել նաև տիկին Կոսի տպավորությունները երկկողմ գործընթացների վերաբերյալ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, ամրապնդելու օրենքի գերակայությունը և զարգացնելու ինստիտուցիոնալ կարողությունները։
Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և դրանց ուղղությամբ դրսևորվող քաղաքական կամքը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ համագործակցության, մասնավորապես բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղհասարակությանն ու ԶԼՄ-ներին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին:
Կողմերը կարևորել են շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը և համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի հետևողականությունը։
***
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին և իր գլխավորած պատվիրակությանը։ Հաձնակատար Կոսը վերջին վեց ամիսների ընթացքում երկրորդ անգամ է աշխատանքային այցով գտնվում մեր երկրում, ինչը Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընդլայնվող գործընկերության վառ վկայականն է»։
Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Երևանում Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա մասնավորապես նշեց. «Այս այցը նշանակալի է Հայաստանի և ԵՄ-ի միջև բոլոր ուղղություններով, համագործակցության խորացման առումով՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ այն տեղի է ունենում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան ԵՄ գագաթնաժողովներին ընդառաջ։
Այսօր մենք հանգամանալից անդրադարձանք Հայաստանում շարունակվող ոլորտային բարեփոխումների ընթացքին, որոնք բխում են համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած երկուստեք հանձնառություններից։
Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման, դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ստորագրեցինք դիմակայության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում։
Առանձնահատուկ կենտրոնացանք տարածաշրջանային կապակցվածության հարցերին և այդ համատեքստում պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները կառավարության «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության, մասնավորապես գլոբալ դարպասներ ռազմավարության իրականացման ուղղություններով։
Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային ուղուն։ Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնել Եվրոպական Միության ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար»,- ասաց նա։

Բաց մի թողեք
Նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարում երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում. լուրերը սուտ են
Արձագանքի ամենաճիշտ պահն է, որ ժողովուրդը տեր կանգնի իր խաղաղությանը. Փաշինյանը` առաջնորդության մասին
Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն արվում է Ռուսաստանից. «ԵՄ» բառը լսում, «խրտնում» են. Միրզոյան