2026թ. մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական Միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:
Գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են 2026թ. մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները:
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովն արտացոլում է վերջին տարիներին երկկողմ գործընկերության աննախադեպ դինամիկան: Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի», որն ուժի մեջ է մտել 2021 թվականին, և «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի վրա, որն ընդունվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ 2025թ. դեկտեմբերին կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրի նիստում: Եվրոպական Միությունը Հայաստանի առանցքային գործընկերն է բարեփոխումների օրակարգի, ինչպես նաև առևտրի ու ներդրումների ոլորտում:
Նախապատմություն
ՀԸԳՀ շրջանակներում Հայաստանը շարունակում է կյանքի կոչել համապարփակ բարեփոխումների օրակարգ՝ հիմնված ժողովրդավարության, թափանցիկության և իրավունքի գերակայության վրա, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարեփոխման և քաղաքացիների առջև հաշվետվողականության բարձրացման հարցերում, ինչպես նաև ապահովելու բոլորի համար հավասար տնտեսական, աշխատանքային և սոցիալական հնարավորություններ:
2024թ. սեպտեմբերին մեկնարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը՝ միտված ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդական ռեժիմի հաստատմանը:
2025թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ վերահաստատելու և առաջ մղելու ՀՀ-ԵՄ զարգացող գործընկերությունը: 2025 թվականն ընդհանուր առմամբ աչքի է ընկել ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների և գործընկերության խորացման բարձր դինամիկայով:
2025թ. օգոստոսին ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և հռչակագրի ստորագրումը: ԵՄ պատրաստակամ է ներդրումների միջոցով աջակցել ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը և տարածաշրջանում հաղորդակցությունների լիարժեք բացմանը՝ հօգուտ հարատև խաղաղության և կայունության:

Բաց մի թողեք
Ապատեղեկատվություն է՝ իբր Կառավարությունը մտադիր է հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների պարգևները
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին
2023-ին Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան