Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի և Իրանի նախագահների Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Մասուդ Փեզեշքիանի հետ: Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են վերջինիս Հյուսիսային Կորեա այցը և «եռակողմ համագործակցության հնարավորությունը»:
Իրանի նախագահի հետ Վլադիմիր Պուտինը քննարկել է նախօրեին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունները: Նա տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նպատակով «բոլոր գործընկեր երկրների հետ խորհրդատվություններ անցկացնելու» պատրաստակամություն է հայտնել:
Իրանի նախագահը Պուտինին երախտագիտություն է հայտնել «միջազգային հարթակներում աջակցության և մարդասիրական օգնության համար»: Արևմտյան և իսրայելական աղբյուրների տպավորությամբ՝ Իրանը «Ռուսաստանից և Չինաստանից հակաօդային պաշտպանության շարժական համակարգեր է ձեռք բերել և հրադադարը ծառայեցնում է ՀՕՊ համակարգը վերականգնելու նպատակին»:
Ըստ տեղեկությունների, Իսլամաբադում իրանա-ամերիկյան բանակցությունների «ոչ հրապարակային միջնորդը Չինաստանն» է: Իսրայելական «Եդիոտ ահրոնոտը» գրել է, որ Չինաստանը «սպառնացել է դադարեցնել Իրանից նավթի գնումները, եթե Թեհրանը չհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
Իսլամաբադի բանակցությունները որևէ համաձայնության չեն բերել: Ուշագրավ է, որ Հյուսիսային Կորեայի հետ «եռակողմ համագործակցության» մասին Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցի ֆոնեն Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին այցելել է Փհենյան, որտեղ նրան ընդունել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Այդ հանդիպման մասին որևէ մանրամասնություն առայժմ հայտնի չէ:
Այս համատեքստում ինտրիգային տեղեկություն է ստացվել Ղազախստանից: Ռուսաստանամետ ընդդիմության աղբյուրները «բացահայտել են, որ Աստանան Թուրքիային արտոնել է օդային և ցամաքային տարածքով ռազմական նշանակության բեռնափոխադրումներ իրականացնել»:
Ղազախստանի իշխանությունները դեռևս ոչ հերքել, ոչ հաստատել են այդ տեղեկությունը, բայց ղազախստանցի ընդդիմադիրները համոզված են, որ «Թուրքական պետությունների կազմակերպությունը շատ մոտ ապագայում կբացահայտվի որպես «ասիական ՆԱՏՕ»՝ ռազմա-քաղաքական դաշինք, և ՀԱՊԿ-ը արդեն կկազմալուծվի ֆորմալ առումով»:

Բաց մի թողեք
Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի