22/04/2026

EU – Armenia

Թուրքիայի աշխարհագրական բացառիկ դիրքը, որ «Եվրոպան Հարավային Կովկասով կապում է Կենտրոնական Ասիայի հետ»

AFET - Exchange of views with Marta Kos, Commissioner for Enlargement

Եվրոպայում և Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության լույսի ներքո Թուրքիայի կարևորության մասին Եվրահանձնաժողովին ներկայացված զեկույցում հատուկ բաժին է հատկացրել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ հիմք ընդունելով վերջերս Անկարա կատարած իր այցը:

Այդ մասին հայտնել է Turkiye իշխանամետ պարբերականը: Մարթա Կոսը ընդգծել է, որ Թուրքիան «ԵՄ անդամության շարքային թեկնածու չէ» և փաստարկել, որ վերջին տարիներին Թուրքիա-Եվրամիություն ապրանքաշրջանառությունը «կրկնակի գերազանցել է Հնդկաստանի ցուցանիշները»:

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը կարևորել է Սևծովյան տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներուժի հանգամանքը և ձևակերպել, որ Ուկրաինայի հարցում «որևէ պայմանավորվածություն չի կարող շրջանցել այդ իրողությունը»: Նա ընդգծել է, որ Թուրքիան «ՆԱՏՕ-ում երկրորդ բանակն ունի»:

Մարթա Կոսը նաև շեշտել է Թուրքիայի աշխարհագրական բացառիկ դիրքը, որ «Եվրոպան Հարավային Կովկասով կապում է Կենտրոնական Ասիայի հետ»:

ԵՄ-Թուրքիա ավելի սերտ համագործակցության միակ խոչընդոտը, ինչպես հասկացվում է Կոսի զեկույցի համառոտ շարադրանքից, այն է, որ Թուրքիան «պետք է փոխի Կիպրոսի հանդեպ մոտեցումը»: Խոսքը «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հարցում Անկարայի անզիջում դիրքորոշման մասին է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել, որ միջազգային հանրությունը պետք է «ճանաչի Կիպրոսի թուրք բնակչության անկախ պետություն ունենալու իրավունքը»:

Ստեղծված իրավիճակում Անկարան հազիվ թե «փոխի Կիպրոսի հանդեպ մոտեցումը», իսկ Եվրամիությունն, իրոք, Թուրքիայի կարիքը սուր է զգում: Վերջին օրերին արծարծվում է Ստամբուլում Ուկրաինայի հարցով քառակողմ՝ Թրամփ-Էրդողան-Պուտին-Զելենսկի գագաթաժողով հրավիրելու գաղափարը:

Շաբաթներ առաջ Ուկրաինայի նախագահը այցելել է Թուրքիա: Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, որից հետո թուրքական կողմը թարմացրել է «սպասում ենք Պուտինի այցին» խոսույթը:

Թուրքիայի ընտրությունը՝ ռազմավարական համագործակցություն հաստատել Եվրամիությա՞ն, թե՞ Ռուսաստանի հետ,- սկզբունքային նշանակություն ունի Հարավային Կովկասի, բայց հատկապես՝ Հայաստանի համար, որ օրենքով ընտրել է Եվրամիության անդամակցության հեռանկարը:

Մի բան է՝ ունենալ ԵՄ անդամ կամ նրա ռազմավարական դաշնակից Թուրքիա, բոլորովին այլ՝ հայտնվել ռուս-թուրքական դաշինքի «ճիրաններում»: Ռուսաստանը կճանաչի՞ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»: Բաքուն փաստացի այդ քայլը կատարել է: