Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Իսպանիայի Վալենսիա քաղաքում։
«Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ տեղի համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Միսլատայում տեղակայված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Կենաց Խաչ» հուշակոթողի մոտ, որտեղ անցկացվել է խնկարկման արարողություն։ Միջոցառումը մեկնարկել է ծաղիկների զետեղմամբ, որին հաջորդել է մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ անմեղ զոհերի։

Արարողությանը ներկա են եղել քաղաքապետարանի ավագանու ներկայացուցիչները։ Ելույթներով հանդես են եկել ինչպես տեղի պաշտոնյաները, այնպես էլ հայկական համայնքի ներկայացուցիչները։
«Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը նշել է, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է շարունակել պայքարը արդարության և ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչման համար։
«Մենք այժմ գտնվում ենք Իսպանիայի հայկականության էպիկենտրոնում, որտեղ հիմնադրվել է առաջին հայկական կազմակերպությունն ու դպրոցը, կառուցվել է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանը։ Սա նաև այն քաղաքն է, որը դեռ 2013 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,– ասաց նա։

Նկատենք, որ թեև Հայաստանի իշխանությունները փորձում են թեման մղել երկրորդ պլան, սփյուռքը շարունակում է հետևողական պայքարը։
«Մեր պայքարը շարունակվում է։ Մենք հասնելու ենք մեր նպատակին»,– ասաց Ղուկասյանը։
Ուշագրավ է նաև, որ նրա խոսքով`իրենց ելույթներում իսպանացի ավագանու խոսնակները ևս ընդգծել են, որ շարունակելու են հետևողական լինել ցեղասպանության ճանաչման գործընթացում։
Հիշեցնենք, որ մինչ օրս Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 6 ինքնավար մարզ և 45 քաղաք։


Բաց մի թողեք
Հ1-ի տնօրենը հույս ունի, որ Լուսինե Թովմասյանը մի օր կվերադառնա Հանրային
Լուսինե Թովմասյանը լքում է Հ1-ը. «Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում»
Մայիս ամսվա ոչ աշխատանքային օրերը