28/04/2026

EU – Armenia

ՀՀ քարտեզը, այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը․ կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի աշնանը. Լուսանկարներ

«Ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը, և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից»։

Այս մասին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։

11(1104).jpg (172 KB)

Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված են Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Վարչապետն ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված, և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված. «Մասնավորապես «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝ կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝ նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Իհարկե բոլոր տառերով էլ կարելի էր այս ընդգծումներն անել, բայց ընդհանուր առմամբ մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և մեր պատկերացումներն էականորեն կընդգծեն, նաև դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնեն»:

2(1237).jpg (78 KB)3(670).jpg (86 KB)4(337).jpg (97 KB)

Շարունակելով ներկայացնել փաստաթղթի տարբեր էջերում զետեղված պատկերները՝ նշվել է, որ այն սկսվում է հայի ծագումնաբանությամբ՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով, որոնք բավական հին պատմություն ունեն: Ներկայացված է նաև պատմության հաջորդ կարևոր հանգրվանը՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, որը հայի ինքնության և պատմության շատ կարևոր մասն է: Ընդգծվել է, որ Էրեբունի ամրոցի պատկերը վերականգնված է գիտնականների կողմից: Հաջորդիվ ներկայացված են Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են: Սահմանաքարի տեղադրման ձևը և դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությունը և գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիա են: Ընդգծվել է, որ սահմանաքարի ընտրությունը պատահական չէ, այն պետական և իրավական շատ կարևոր գործիք է հանդիսացել նույնիսկ այն ժամանակահատվածում, որովհետև ցույց է տվել պետության գոյությունը, պետական կառավարման էությունը և նաև հողային բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում:

8(80).jpg (89 KB)9(81).jpg (84 KB)11(1109).jpg (166 KB)

Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին: Ընդգծվել է հենց քրիստոնեության ընդունման տարեթիվը՝ որպես մեր ինքնության և պատմության առանցքային հատվածներից։

Արարողակարգային ավագության տրամաբանությամբ ներկայացված են ժամանակակից պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը, Սահմանադրական դատարանի շենքը: Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը՝ որպես ժամանակակից քաղաքաշինության նահապետ:

6(121).jpg (86 KB)5(235).jpg (88 KB)

Անդրադարձ կա նաև մարզերին. այբբենական կարգով ներկայացված են Արագածի մարզը՝ Արագած լեռը՝ ի չորս գագաթներով, Արարատի մարզը՝ Խոր Վիրապով, որպես քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը, Արմավիրի մարզը՝ լավաշի թխման գործընթացով, Արմավիրի մարզի այգիներով ու պտուղներով, Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճով և 10-րդ դարի Բերդկունք ամրոցով, Կոտայքի մարզը՝ Գառնու հեթանոսական տաճարով, Լոռու մարզը՝ Լոռի բերդ ամրոցով, Շիրակի մարզը՝ Գյումրիի պատմական կենտրոնի փողոցով և հայտնի Ֆայտոնի տեսարանով, Սյունիքի մարզը՝ Բաղաբերդ ամրոցով, Տավուշի մարզը՝ Սրանոցի կամրջով, Վայոց ձորի մարզը՝ Ջերմուկի ջրվեժով և Ջերմուկի հայտնի խորհրդանիշ եղնիկով: Վարչապետն ընդգծել է, որ այս բոլոր պատմամշակութային հուշարձանների միջոցով փորձ է արվել ապահովել Հայաստանի դիմանկարի բազմազանությունն ու բազմաշերտությունը:

11(1107).jpg (162 KB)ծ15jpg.jpg (140 KB)45(6).jpg (93 KB)12(112).jpg (181 KB)13(40).jpg (159 KB)11(1105) (1).jpg (146 KB)

Կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ, առանց մարդկային շփման անցման համակարգեր, ինչն էապես կհեշտացնի և կարագացնի քաղաքացիների տեղաշարժը։