27/05/2026

EU – Armenia

Ինչու է արդիականացվել, և ինչ խորհրդանշական տարրեր ունի ԶՈՒ նոր զինանշանը․ ՊՆ-ն մանրամասնել է. Տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը:

ՊՆ-ն զինանշանի լուսանկարին կից նաև ուղեկցող տեքստ է հրապարակել՝ ներկայացնելով կատարված փոփոխություններն ու զինանշանի արդիականացման պատճառները։

Ըստ գերատեսչության՝ 2001 թվականին հաստատված և ՀՀ ԶՈՒ նախկին զինանշանում առկա են եղել մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ, և բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման, սրբագրման գործընթացը։

«Նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված էր փակ կտուցով, ինչը հերալդիկայում համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը, այն ձուլված է ընդհանուր մակերեսին՝ ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։

Բացակայում են վերջույթները, ճանկերը, զենքը, ինչը ստեղծում է անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար։

Նշվում է, որ նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է։

«Սակայն ՀՀ բանակի առաքելությունը ՀՀ ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է։ Զինանշանի նախկին տարբերակում առկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ․ այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների կամ կտորների։ Դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն»,- ասվում է տեսանյութում։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ ՀՀ բանակի նոր զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, վերաիմաստավորվել է և պատկերված է լիակատար կենդանի և ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը և ճանկերը՝ հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։

«Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք։ Որպես թագակիր գիշատիչ արծվի հստակ և դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է ՀՀ բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել ՀՀ անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը։ Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի և կենսունակության խորհրդանիշ՝ մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ։ Այն հավերժականության, բարեկեցության և իշխանության գույնն է»,- ասվում է տեսանյութում։

ՊՆ-ի տեղեկացմամբ՝ արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության, արծվի հովանու և պաշտպանության ներքո։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր, ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրոնում սերմնահատիկով՝ որպես ՀՀ բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։

«Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան և հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան։ Վահանն արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։ Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր, ձախում՝ ոսկեգույն սուր, իսկ աջում՝ ՀՀ բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը՝ Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։ Զինանշանի վերին հատվածում պատկերված են ՀՀ պետական եռագույն դրոշը և ՀՀ քարտեզը։ Այս տարրը զինանշանը ներդաշնակորեն կապում է ՀՀ-ի հետ՝ ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է»,- ասվում է ՊՆ-ի տարածած տեսանյութում։