06/06/2026

EU – Armenia

«Զուլալի». լռության, ցավի և մարդկային լույսի պատմությունը՝ պրեմիերա «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում․ Լուսանկարներ

Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում կայացավ «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան։

Ներկայացումը բեմադրված է հայ գրող Նարինե Աբգարյանի համանուն ստեղծագործության հիման վրա, բեմադրիչը՝ Գայանե Անդրասյանը։ Բեմի և զգեստների նկարիչ՝ Սուսաննա Հախվերդյան, Երաժշտական ձևավորումը՝ Գայանե Անդրասյանի։

Անչափ հուզիչ «Զուլալին» այն պատմություններից է, որոնք չեն աղմկում, չեն ճչում, չեն փորձում ցնցել արտաքին էֆեկտներով։ Այն դանդաղ, գրեթե աննկատ թափանցում է մարդու ներսը՝ բացելով հոգու ամենախոցելի անկյունները։ Սա պատմություն է միայնության, մերժված լինելու, սիրո, զոհաբերության և մարդկային արժանապատվության մասին։

Այն Լեռնաձորում ապրող մարդկանց մասին է, որոնց կյանքը հաճախ մնում է հասարակության ուշադրությունից դուրս, բայց որոնց հոգիներում ապրում են նույն մեծ երազանքները, նույն ցավերն ու նույն կարիքը՝ սիրված լինելու։

Բեմադրությունը կառուցված է զգացմունքային նուրբ շերտերի վրա։ Այստեղ յուրաքանչյուր հայացք, լռություն ու շարժում խոսում են ոչ պակաս, քան բառերը։ Դերասանական կազմը կարողանում է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ հանդիսատեսը դառնում է ոչ թե դիտորդ, այլ պատմության մասնակից՝ ապրելով հերոսների յուրաքանչյուր ներքին փոթորիկը։

«Զուլալին» հիշեցնում է, որ երբեմն ամենամեծ ողբերգությունները կատարվում են ոչ թե պատերազմների կամ աղետների ժամանակ, այլ մարդկային հոգիների ներսում։ Եվ միևնույն ժամանակ այն հույսի պատմություն է՝ այն մասին, որ նույնիսկ ամենախոր ցավի մեջ կարելի է գտնել լույսի մի շող, եթե կողքիդ գտնվի մարդ, ով կհասկանա ու կընդունի քեզ։

Ինչպե՞ս շարունակել ապրել, երբ կորուստն ու ցավը խլում են անգամ բառերը։ Ինչպե՞ս ապրել, երբ հիշողությունն ամեն օր վերածվում է դատաստանի, իսկ սիրտը՝ անվերջ բաց վերքի։ Հենց այս անողոք հարցերի շուրջ է կառուցված «Զուլալի» հոգեբանական դրաման, որը հանդիսատեսին տանում է մարդկային հոգու ամենախոր ու ամենամութ շերտերը։

Ներկայացման առաջին իսկ րոպեներից բեմում ծնվում է ողբերգությունը։ Կրակը խլում է ընտանիքը՝ մորը և երկու որդիներին։ Այդ հրդեհը ոչ միայն կյանքեր է խլում, այլև ոչնչացնում է ողջ ընտանիքի հոգեկան հավասարակշռությունը։ Այդ օրվանից բոլոր կերպարները կարծես ապրում են ոչ թե իրականության, այլ մոխրի ու հիշողությունների մեջ։

Այդ դժոխքի կենտրոնում նախ փոքրիկ երեխա Զուլալին է, այնուհետև կին Զուլալին, որի ներսում այնքան ցավ է կուտակվել, որ բառերն այլևս դարձել են անզոր։ Նա գրեթե չի խոսում։ Նրա աշխարհը կազմված է ձայնարկություններից, հայացքներից, շարժումներից, հոգու խորքից պոկված հառաչանքներից։

No photo description available.

Եվ հենց այստեղ է դերասանուհի Միլենա Ավանեսյանի բացառիկ հաջողությունը։ Նա կերպարը չի խաղում, այլ ապրում է բեմի վրա։ Նրա յուրաքանչյուր հայացք մի ամբողջ պատմություն է, յուրաքանչյուր դադար՝ չասված ողբերգություն։ Երբ հերոսուհին ձայն է արձակում, հանդիսատեսը հասկանում է, որ այդ ձայնի մեջ երբեմն ավելի շատ բառ կա, քան ամբողջ մենախոսության մեջ կարող էր լինել։

Զուլալին միայն հոգեկան ցավի կրող չէ։ Նա նաև բռնության զոհ է։ Ջրաղացպանի որդու սեռական ոտնձգությունը նրա կյանքի վրա թողել է անջնջելի հետք, սակայն նույնիսկ այդ սարսափելի ճակատագրի առաջ նա չի գտնում պաշտպանություն սեփական հորից։ Փոխարենը ստանում է մեղադրանքներ ու մերժում, անընդհատ խոսելու, ողբերգական պատմություննն ականատեսի աչքերով պատմելու պահանջ։

Հայր Գևորգը ներկայացման ամենաբարդ ու ողբերգական կերպարներից է։ Նա մարդ է, որը կորցրել է ամենաթանկը և այդ կորստի ծանրությունն այլևս ի վիճակի չէ կրել։ Իր վշտի համար նա մեղավոր է փնտրում և այդ մեղավորը դառնում է սեփական դուստրը։ Գևորգը համոզված է, որ Զուլալին է իր սիրելի կնոջ ու երկու որդիների մահվան պատճառը։ Այդ համոզմունքը տարիների ընթացքում վերածվել է մոլուցքի, որն աստիճանաբար քայքայում է նրա հոգին։ Նա չի կարողանում ներել, չի կարողանում հասկանալ, չի կարողանում սիրել նույնիսկ այն ժամանակ, երբ ամենից շատ դրա կարիքն ունի իր դուստրը։

Ներկայացման ամենածանր պահերից մեկը հենց Գևորգի վերջնական կործանումն է։ Չհաշտվելով իրականության հետ, չկարողանալով հաղթահարել սեփական խավարն ու ներքին դատաստանը, նա ընտրում է ինքնասպանության ճանապարհը։ Նրա կախվելը ոչ միայն մեկ մարդու մահ է, այլ նաև մի ամբողջ հոգևոր պարտության խորհրդանիշ։ Դա այն պահն է, երբ հանդիսատեսը հասկանում է, թե որքան կործանարար կարող է լինել չապրված վիշտը և որքան վտանգավոր՝ չներելու կարողությունը։

Այս մռայլ պատմության մեջ յուրահատուկ լույս է բերում Մայրանուշ մեծ տիկինը, որի կերպարը մարմնավորում է Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը։ Նրա ներկայությունը բեմում հիշեցնում է հին հայկական տան ջերմ օջախը, որտեղ դեռ պահպանվել են կարեկցանքը, համբերությունն ու մարդասիրությունը։

Դերասանուհին կերպարին հաղորդում է այնպիսի ներքին արժանապատվություն ու խորություն, որ Մայրանուշը դառնում է ոչ միայն առանձին մարդ, այլև մայրական սիրո, համբերության և ներողամտության մարմնացում։ Նրա խոսքերը հաճախ հնչում են որպես աղոթք՝ ուղղված այս փլուզվող աշխարհին։

Հուզիչ է նաև Զուլալիի որդու՝ Նազարոսի կերպարը։ Նա ներկայացման մեջ ապագայի, շարունակության և հույսի խորհրդանիշն է։ Այն, ինչ մեծահասակները չեն կարողանում հաղթահարել, երեխան հաճախ կարողանում է ընդունել իր պարզ ու մաքուր սրտով։ Նազարոսը կարծես կյանքի համառ պնդումն է, որ նույնիսկ ամենածանր ողբերգություններից հետո կյանքը շարունակում է ընթացքը։

«Զուլալին» ողբերգության պատմություն է, բայց միայն ողբերգության մասին չէ։ Այն պատմություն է մարդկային խոցելիության, սիրո կարիքի, ներելու անկարողության և ներելու անհրաժեշտության մասին։ Այն հիշեցնում է, որ երբեմն մարդը կարող է կորցնել խոսելու ունակությունը, բայց շարունակում է աղաղակել իր լռությամբ։ Եվ այդ լռությունը հաճախ ավելի սարսափելի է, ավելի ճշմարիտ և ավելի հուզիչ, քան հազարավոր բառերը։

«Զուլալի» ներկայացման ամենամեծ արժեքներից մեկն այն է, որ նույնիսկ ամենախավար ու ողբերգական պահերի մեջ այն կարողանում է գտնել մարդկային լույսի մի փոքրիկ շող։ Այդ լույսի կրողներից մեկն էլ հարևան կոշկակար Սամոն է՝ թվացյալ երկրորդական, բայց իրականում ստեղծագործության բարոյական առանցք դարձած կերպարն ու ներկայացման մեջ պատմողը։

Սամոն՝ դերակատար Իշխան Ղարիբյան, այն մարդկանցից է, ովքեր շատ են տեսել, շատ են հասկացել, բայց քիչ են խոսել։ Սակայն երբ խոսում է, նրա բառերը դառնում են ճշմարտության ծանր քարեր։ Գևորգի թաղման ժամանակ հենց Սամոն է արտաբերում ներկայացման ամենացավոտ ու ամենախոր մտքերից մեկը՝ այն մասին, որ Գևորգը այդպես էլ չներեց Զուլալիին։ Չներեց մի մարդու, որը ոչ միայն մեղավոր չէր, այլև ինքն էր ճակատագրի ամենադաժան հարվածների զոհը։ Սամոն հասկանում է, որ կան ցավեր, որոնց մասին խոսելը երբեմն ավելի է խորացնում վերքերը։

Գևորգի հուղարկավորությունից հետո վիրավորված ու զայրացած Մայրանուշ մեծ տիկինը Նազարոսի միջոցով Սամոյին է ուղարկում իր հին կոշիկներն ու մի շիշ քացախ՝ դառը, գրեթե անեծքի նման պատգամով. «Թող խմի ու սատկի»։ Այդ տեսարանը առաջին հայացքից նույնիսկ կոշտ հեգնանք ունի իր մեջ, սակայն խորքում այն նույնպես ցավի լեզուն է։ Մայրանուշը չի ատում Սամոյին։ Նա պարզապես չի կարողանում ընդունել իր սիրելիների մասին հնչած դաժան ճշմարտությունը։

Բայց հենց այստեղ է ներկայացման մարդկային մեծությունը։ Վերջաբանում Սամոն չի պատասխանում վիրավորանքին վիրավորանքով։ Չի վերադարձնում դառնությունը դառնությամբ։ Նա վերադարձնում է և՛ կոշիկները, և՛ քացախի շիշը։ Վերադարձնում է ոչ միայն առարկաները, այլև այն թույնը, որը կարող էր շարունակել ապրել մարդկանց միջև։ Եվ հետո տեղի է ունենում ներկայացման ամենահուզիչ ու խորհրդանշական տեսարաններից մեկը։ Սամոն բեմահարթակի վրա դնում է կոշիկներ։ Կոշկակարի համար կոշիկը պարզապես առարկա չէ։ Դա ճանապարհի, շարունակության, ապագայի խորհրդանիշ է։ Իսկ կոշիկների դիմաց դրված ցուցանակի վրա մեկ անուն է՝ Նազարոս։

Այդ պահին թվում է, թե ամբողջ ներկայացման իմաստը կենտրոնանում է այդ պարզ գործողության մեջ։ Մահացածների պատմությունը ավարտվել է։ Գևորգը գնացել է իր չներելու ցավի հետ։ Անցյալի ողբերգություններն այլևս հնարավոր չէ փոխել։ Բայց ապրողները դեռ այստեղ են։ Այստեղ է Նազարոսը՝ Զուլալիի որդին, նոր սերունդը, նոր ճանապարհը, նոր հնարավորությունը։ Սամոյի այդ լուռ նվերը նման է պատգամի. երեխան չպետք է ժառանգի մեծերի ատելությունը։ Նա պետք է ժառանգի ճանապարհը։ Կոշիկներն այդ պահին վերածվում են հույսի խորհրդանիշի։ Դրանք կոչ են՝ քայլել առաջ, դուրս գալ ցավի փակ շրջանից, չմնալ անցյալի մոխիրների մեջ։ Այն, ինչ չկարողացան անել մեծահասակները՝ ներել, հասկանալ, հաշտվել, գուցե կարողանա անել Նազարոսը։ Սամոյի դրած կոշիկները ոչ թե պարզապես կոշիկներ էին, այլ մի ամբողջ կյանքի փիլիսոփայություն. եթե նույնիսկ ցավը խլել է բառերը, եթե նույնիսկ հիշողությունները դեռ այրում են հոգին, մարդը պիտի կարողանա առաջ քայլել։ Եվ այդ քայլերի անունը «Նազարոս» էր։ Նոր սկիզբ։ Նոր հույս։ Նոր կյանք։

Եվ հենց այդ պատճառով ներկայացման ավարտը, որքան էլ լի է կորստով ու արցունքով, չի թողնում հանդիսատեսին լիակատար խավարի մեջ։ Վերջին տեսարանը հիշեցնում է, որ մարդկային կյանքում ամեն ինչից հետո մնում է մեկ բան՝ շարունակել ճանապարհը։

Պարզվում է՝ տարիների տառապանքն ու լռությունը քանդելու համար բավական է ընդամենը ցորենի հատիկի չափ գթասրտություն։ Ներկայացումից հետո երկար ժամանակ չես շտապում խոսել։ Որովհետև կան պատմություններ, որոնց մասին առաջին հերթին պետք է լռել։ «Զուլալին» հենց այդպիսի պատմություն է՝ ցավի, կորստի և մարդկային հոգու մասին մի ծանր, գեղեցիկ ու երկար հիշվող բեմական խոստովանություն։

Այս պրեմիերան հերթական անգամ ապացուցեց, որ թատրոնը շարունակում է մնալ մարդու հոգու ամենաճշմարիտ հայելին, իսկ «Զուլալին»՝ այդ հայելու մեջ արտացոլված հուզիչ ու երկար հիշվող պատմություններից մեկը։

Սիմոն Սարգսյան

No photo description available.