17/06/2026

EU – Armenia

ԿԿ կայքը դեռ չի աշխատում, Աննա Հակոբյանը հայտարարագիր ներկայացրել է վերջին օրը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքն արդեն երկու շաբաթ է՝ աշխատում է մասնակիորեն։ Չի աշխատում ամենակարեւոր հատվածը` հնարավոր չէ մուտք գործել հայտարարագրերի ռեեստր, որտեղ հրապարակվում են պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների եւ անշարժ գույքի հայտարարագրերը։

Հրապարակ թերթը գրել է․ Բանն այն է, որ հունիսի 1-ին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է։ ԿԿՀ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Մեր կայքը սպասարկող կազմակերպությունը կիբեռանվտանգության հետ կապված խնդիրներ է արձանագրել եւ պետք է միջոցառումներ իրականացնեին։ Դրա հետ կապված՝ հրապարակային ռեեստրը ժամանակավորապես անհասանելի է, բայց հիմա էլ աշխատում են դրա վրա, որ հասանելիությունն արագ վերականգնվի»։ Նկատենք, որ այդ «արագ»-ը 2 շաբաթից ավելի է:

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, դուստրերը՝ Մարիամ եւ Շուշան Փաշինյանները, որդին` Աշոտ Փաշինյանը, հայտարարագիր ներկայացրե՞լ են՝ ԿԿՀ-ից պատասխանեցին․ «Աննա Հակոբյանը, Շուշան եւ Մարիամ Փաշինյանները հայտարարագրերը ներկայացրել են վերջին օրը՝ մայիսի 31-ին, իսկ Աշոտ Փաշինյանը հայտարարագիր չի ներկայացրել եւ պարտավորվածություն էլ չունի հայտարարագիր ներկայացնելու, քանի որ չի հանդիսանում պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձ»։

Նշենք, որ Աշոտ Փաշինյանը վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2022 թվականին։ Իսկ Շուշան Փաշինյանն ամիսներ առաջ էր տեղեկացրել, որ բնակվում է առանձին։ Փետրվարին ամուսնալուծության կամ քաղաքացիական ամուսնությունը դադարեցնելու եւ առանձին ապրելու մասին հայտնեց նաեւ Աննա Հակոբյանը, սակայն մեկ ամսից վերադարձավ կառավարական ամառանոց եւ այժմ վարչապետի կնոջ կարգավիճակում գործուղվում է ԱՄՆ։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԿՀ՝ պարզելու, թե որ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացրել։ ԿԿՀ-ից հայտնել էին, որ 67 պաշտոնատար անձ եւ տարբեր կուսակցությունների 164 ներկայացուցիչ տարեկան հայտարարագիր չեն ներկայացրել։ Հայտարարագիր չեն ներկայացրել ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Մերի Գալստյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը։ ԿԿՀ-ն գրավոր ծանուցագրեր է ուղարկել հայտարարագիր չներկայացրած բոլոր հայտարարատուներին, այդ թվում՝ պաշտոնյաների ընտանիքի անդամներին։ Եթե վերջիններս մինչեւ հունիսի 31-ը հայտարարագիր չներկայացնեն, ապա սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կտուգանվեն։