Վրաստանը հանդիսանում է «Միջին միջանցքի» անբաժանելի մասը և պատրաստ է Սերբիայի հետ խորացնել գործընկերությունը, որպեսզի լիովին օգտագործի Ասիայի և Եվրոպայի միջև առկա տրանսպորտային և առևտրային ներուժը։
Այդ մասին հունիսի 16-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Սերբիայի նախագահ Վուչիչի հետ բանակցություններից հետո։ Սերբիայի նախագահը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում։
Նրան ընդունել է նաև Վրաստանի նախագահ Կավելաշվիլին։ Նախատեսված է, որ Վուչիչը կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Շիո Երրորդը։
Սերբիայի նախագահ Վուչիչը Վրաստան է այցելել իր համար վճռորոշ փուլում։ Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին նա հրաժարական կտա, որպեսզի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Վուչիչը ծրագրում է հաղթել և զբաղեցնել Սերբիայի վարչապետի պաշտոնը։
Դիտարժան է, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն վերջերս այցելել է Ղրղըզստան, որտեղ քննարկվել է կենտրոնաասիական այդ երկիրը Վրաստանի նավահանգիստներին կապելու և Եվրոպայի հետ ապրանքաշրջանառությունը ապահովելու հարցը։
Սերբիան Եվրոպայի հազվագյուտ երկրներից է, որ Եվրամիության անդամ չէ։ Նրա ԵՄ անդամակցությունը բարդացել է Կոսովոյի հարցում տարաձայնությունների պատճառով։ Համանման խնդիր Վրաստանը ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Գործնականում, սակայն, Կոսովոյի և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կարգավիճակի խնդիրը չի խանգարում, որ Սերբիան առևտրատնտեսական սերտ կապեր ունենա Եվրամիության, իսկ Վրաստանը՝ Ռուսաստանի հետ։
Վերջին շրջանում, սակայն, Վրաստանի աշխարհաքաղաքական գործընկեր է դարձել Չինաստանը, որ կառուցում է սևծովյան ամենախոշոր Անակլիա նավահանգիստը։ Ընդգծելով, որ Վրաստանի «Միջին միջանցքի» անբաժանելի մասն է, Վրաստանի վարչապետը, ըստ էության, ակնարկել է, որ Ասիա-Եվրոպա հաղորդակցությունը պայմանավորված է Թբիլիսիի հետ հարաբերություններով։
Սերբիան լուրջ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ, հանդիսանում է վերջինիս սպառազինությունների ազդեցիկ մատակարարներից մեկը։
Ստացվում է, որ Սերբիան Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի հետ խորացված հարաբերություններ ունի, իսկ Հայաստանի հետ՝ ոչ։ Սերբիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1993թ․-ին, բայց անցած ավելի քան երեք տասնամյակներին կողմերի միջեւ գործնական կապեր այդպես էլ չեն ձևավորվել։
Այդ բացը ե՞րբ և ինչպե՞ս է լրացվելու։Սերբիան եվրոպական շատ ազդեցիկ երկիր է։

Բաց մի թողեք
Թուրքիա – ՌԴ – ՀՀ – Ադրբեջան․ որքանո՞վ են կողմերը հավատարիմ «սիներգիայի սկզբունքին»
Վատիկանն ու ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական պատմամշակութային ժառանգությունը
Մոսկվան և Բաքուն «խաչվող շահեր դեռևս ունեն»` ի հաշիվ Հայաստանի