17/06/2026

EU – Armenia

Վերջին ընտրությունները խառնել են Ալիեւի ու Փաշինյանի ծրագրերը

«Հրապարակի» զրուցակիցը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն է:

– Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Հայաստանում էր` Դիլիջանում հանդիպում ունեցավ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ, անգամ զբոսնեցին քաղաքում: Տպավորություն է, որ կողմերը փորձում են ջերմ հարաբերությունների իմիտացիա ստեղծել: Ի վերջո` ինչի՞ մասին էր այդ հանդիպումը:

– Դժվար է այս հարցին պատասխանել, քանի որ որեւէ ստույգ տեղեկատվություն չկա։ Իհարկե, ուշագրավ է, որ ընտրություններից անմիջապես հետո արագ կազմակերպվում է այս հանդիպումը։ Դատելով ընտրություններից առաջ եւ հետո ադրբեջանական մամուլում ծավալվող քննարկումներից՝ կարող եմ ասել, որ իրենք իրենց առաջ խնդիր են դրել՝ ամեն գնով Հայաստանում հասնել Սահմանադրության փոփոխության։ Ասեմ, որ սա զուտ քաղաքական կամ իրավական հարց չէ․ Ալիեւն այս քայլով ուղղակի ուզում է ոչնչացնել մեզ բարոյական եւ հոգեբանական դաշտում, նա ցանկանում է ասել, որ ինքն է որոշելու, թե Հայաստանն ինչ սահմանադրություն ունենա, որ իր պահանջով Հայաստանում կկազմակերպվի հանրաքվե։ Ի՞նչ ինքնիշխանության մասին կարող է խոսք գնալ՝ նման հանրաքվեի անցկացման դեպքում։ Նաեւ հավելեմ, որ ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը որոշակիորեն խափանում է այս պլանները։ Փաշինյանը թեեւ մնաց իշխանության, բայց չի հավաքել սահմանադրական մեծամասնություն, իսկ դա էականորեն բարդացնում է Ալիեւի հանրաքվե կազմակերպելու հարցը։

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ հարցեր կարող են քննարկել կողմերը, եթե գործնականում չկա որեւէ տեղաշարժ, իսկ հայ ռազմագերիների հարցը, առհասարակ, խիստ անորոշ է։

– Չկա իրական երկխոսության կամ իրական խաղաղության գործընթաց, դրա համար էլ չկա հայ գերիների հարցում որեւէ փոփոխություն։ Կա Ադրբեջանի ղեկավարության կողմից հայկական ղեկավարությանը ներկայացվող պահանջների ցուցակ, որը Փաշինյանը փորձում է հերթով, կարգով անել։ Ես բազմաթիվ առիթներով եւ հստակ փաստերով ցույց եմ տվել, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունն առաջնորդվում է Բաքվից թելադրվող օրակարգերով։ Իշխանությունների գլխավոր թիրախներն այս պահին հայկական պետության՝ բանակի, եկեղեցու, մշակույթի դեմ են, բոլորը կապ ունեն գաղափարի, անվտանգության եւ ինքնության հետ։ Ալիեւը մեզ գաղափարական դաշտում ոչնչացնելու նպատակ է դրել, Փաշինյանն էլ ծառայեցվում է հենց այդ նպատակի իրագործմանը։ Բայց վերջին ընտրությունները որոշակիորեն խառնում են այդ ծրագրերը, Փաշինյանը հասկացավ, որ ինքը չունի մեծամասնություն, այլ բան, որ առկա համակարգն օգնեց իրեն՝ վերարտադրվել։

– Այս հանդիպմամբ իշխանություններն ի՞նչ են ցանկանում ցույց տալ հանրությանը։

– Իրենք հանրությանը ցույց տալու ոչինչ չունեն, հանրության մեծամասնությունը չի հավատում խաղաղության կեղծ թեզին, ընտրությունները դա փաստեցին, ընդ որում՝ նրանք փորձում էին խաղաղության կեղծ թեզին զուգահեռ ակտիվ շրջանառել պատերազմի սպառնալիքը։ Սրանք անհամատեղելի են․ հենց միայն պատերազմի սպառնալիքի մասին իրենց թեզն արդեն չեզոքացնում է խաղաղության մասին զրույցը։ Ի վերջո, թող այն պարզ հարցին պատասխանեն, թե ինչպես է, որ Բաքվում շարունակում են պահել հայ գերիներին, ու ինչու է Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում Հայաստանի դեմ զավթողական ծրագրեր մշակել՝ քարոզվող ատելության եւ հայատյացության հետ միասին։ Այս տրամաբանական հարցադրումներին իրենք որեւէ պատասխան չունեն։