18/06/2026

EU – Armenia

Մինչեւ տարեվերջ նոր ընտրություններ կլինեն

Նիկոլ Փաշինյանը սրընթաց մտնում է բռնապետի կերպարի մեջ, եւ մարդիկ Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն, այլ բանտիոն են անվանում: Նա արդեն քանիցս խոստանում է, որ 3 ընդդիմադիր առաջնորդները 10 տարի նստելու են, քանի որ «թավիշն ավարտվել է»: Գլխավոր դատախազը դիմել է ԿԸՀ՝ մի խումբ անձանց անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:

Հրապարակ թերթը գրել է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո պետք է ժողովրդի ուշադրությունը շեղի իրական պրոցեսներից: Խոսքը վերաբերում է տնտեսական հարցերին, Ադրբեջանի պահանջներին եւ այլն: Ակնհայտ է, որ հենց Փաշինյանի ընտրազանգվածի հետ կապված՝ լրջագույն խնդիրներ են առաջանալու:

Տնտեսապես առաջին հարվածը ստանալու են մարզերում` գյուղերում, արտահանման հետ կապված: Այս մարդը հիմա տեսարաններ է սարքում՝ կարծելով, որ կարող է կարեւոր հարցերը շրջանցել: Ես վստահ եմ, որ մարդկանց վրա այդ ամենը չի ազդելու: Խոսում են օրենսդրական փոփոխությունների մասին, ես կարծում եմ, որ այս քայլերը նրա համար են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նոր արտահերթ ընտրությունների գնա՝ մինչեւ տարվա վերջ։ Ուզում է ընդդիմադիր հիմնական ուժերին բանտարկել, որպեսզի ո՛չ Քոչարյանը, ո՛չ Կարապետյանը, ո՛չ էլ Ծառուկյանը չմասնակցեն ընտրություններին: Իզոլացնելու է այդ ուժերին, որ քիչ մասնակցություն արձանագրվի, եւ ինքը ստանա իր երազած 65-70 տոկոսը: Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, միանշանակ, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չեն: Ամբողջ աշխարհը տեսավ, որ նա այլեւս չի վայելում հայ ժողովրդի մեծամասնության վստահությունը: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ հայ ժողովրդի կեսից ավելին դեմ է այս մարդուն: Ակնհայտ է, որ նա չի կարողանալու իրականացնել սահմանադրական փոփոխություններ, իսկ դա Ադրբեջանի հիմնական պայմաններից մեկն է, կասկած չունեմ, որ տարածքային զիջումներ են լինելու` Տիգրանաշենի հետ կապված, գուցե նաեւ զիջումներ Սյունիքից, բայց, ԱԺ ընտրությունների արդյունքներից ելնելով, չեմ կարծում, որ նա այս փուլում կգնա այդ քայլին: Նա իր տերերին փորձում է ցույց տալ, որ իրավիճակն իր ձեռքում է, եւ ինքը նոր գործեր է բացում ընդդիմադիրների վրա, սակայն չեմ կարծում, որ ընդդիմությունը լռելու է՝ հանդուրժելով այդ ամենը: Վստահաբար, լինելու է պայքար, ընդդիմադիր զանգվածը դուրս է գալու փողոցային պայքարի, որին անպայման միանալու են նաեւ գյուղացիները, քանի որ նրանք արդեն իսկ իրենց մաշկի վրա զգում են Նիկոլի գործողությունների դառը հետեւանքները»:

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանում գաղտնի նկարահանելուն, նա ասաց. «Մարդկանց նկարել` գաղտնի, եւ հրապարակել, դա խոսում է շատ ցածր մարդկային որակների մասին: Հիշեցնեմ, որ այդ արատավոր, զզվելի երեւույթի սկիզբը դրվեց մի քանի տարի առաջ, երբ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ ղեկավար լինելու ժամանակ հրապարակվեց գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը` բանտախցից: Մեծ ափսոսանք եմ զգում, որ ԱԱԾ-ն ոչ միայն դարձել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանը, այլեւ` ծառայողը, նրա ապօրինի հրահանգները կատարողը: Նաեւ չմոռանանք Նիկոլի հայտարարությունները դատավորների մասին: Նա հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանին անմեղ ճանաչած դատավորը դա արել է փողի դիմաց: Արդյո՞ք դրանից հետո քննություն է սկսվել այդ դատավորի գործունեության հետ կապված, կարծում եմ` ոչ: Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ երկրի վարչապետը ցանկացած բան կարող է հայտարարել, բայց դա չի ունենում որեւիցե հետեւանք, սակայն եթե ընդդիմադիր որեւէ ուժ ինչ-որ հայտարարություն անի, 5 րոպե չանցած՝ կհայտնվի բանտախցում»: