Հունիսի 14-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Դիլիջանում էր, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցավ, զբոսնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Հրապարակ թերթը գրել է․ 1992-1994 թվականների պատերազմից հետո դա Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը չէ Դիլիջան։ Առաջինը 1998-2013 թվականներին Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովն էր։ Մարդանովի մասին Վիքիպեդիայում գրված է, որ նա ծնվել է 1946թ․ հոկտեմբերի 3-ին, Դիլիջանի Գեարչին գյուղում։ 1950-ական թվականներին այդ բնակավայրը վերացել է, բնակչությունը տեղափոխվել է Սալախ գյուղ, որն այժմ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղն է։ 1997 կամ 1998 թվականին Մ․ Մարդանովը միջազգային ինչ-որ գիտաժողովի մասնակցելու համար ժամանել է Երեւան եւ ցանկություն է հայտնել՝ տեսնել իր հայրական տունը: Նրան այդ հնարավորությունը տրվել է:
Աղավնավանքի բնակիչները հիշում են, որ Մարդանովը ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ Աղավնավանք է այցելել։ Մարդանովի հետ ռուսախոս լրագրող է եղել, որը նկարահանել է գյուղը, դպրոցը, Մարդանովների տունը, որտեղ այդ ժամանակ բնակվում էր Խանլարի շրջանի Միրզիկ գյուղից բռնագաղթած Գրիգոր Գաբրիելյանի ընտանիքը: Նրանք հյուրերի համար լավ սեղան են բացել: Միսիրը գոհունակություն է հայտնել, որ նման հյուրընկալ, բարի մարդիկ են բնակվում իրենց օջախում: Նա բաժակ է բարձրացրել: Իսկ Աղավնավանքի գյուղապետ Գրիգոր Խոջայանին խնդրանքով է դիմել: Մարդանովի հայրը՝ Ջումեյիլ Մարդանովը, որդուն խնդրել է իր տված տոպրակի մեջ իրենց այգուց երկու բուռ հող լցնել, որ հետը բերի։ Վերադարձի ճանապարհին Միսիրը կանգնել է նաեւ դպրոցի մոտ: Աղավնավանքում Մարդանովների հայրական տունը հիմա էլ է տարբերվում մյուսներից: Ջումեյիլ Մարդանովը եղել է Սալահի կոլտնտեսության նախագահը։ Նրանց տունը կոլխոզի նախագահին հարիր երկհարկանի տուն է եղել՝ ադրբեջանական կապույտ նախշազարդերով:
Գրիգոր Գաբրիելյանի մահից հետո նրա կինը՝ Ալվինան, տունը 8 հազար դոլարով վաճառել է Երեւանի մի բնակչի, վերջինս էլ տարիներ առաջ 22 հազար դոլարով վերավաճառել է մեկ այլ երեւանցու, որը Մարդանովների տունը որպես ամառանոց է օգտագործում: Միսիր Մարդանովը նախարարի պաշտոնից զրկվելուց հետո` 2013 թվականից մինչ օրս Ադրբեջանի մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտի տնօրենն է։ Բայց նրա այցը Դիլիջան շատ տարբեր է Հիքմեթ Հաջիեւի այցից։ Մարդանովը Հայաստանի իշխանությանը խնդրել է, որ թույլ տան՝ լինի այն տանը, որտեղ ինքը մեծացել է, իսկ Հաջիեւն այսօր գալիս է որպես զավթիչ, որոշող, իր «ենթակա» հայերի ուղեկցությամբ ամբարտավան կերպով քայլում է Բաքվի բանտում տանջվող Ռուբեն Վարդանյանի սիրելի Դիլիջանում։

Բաց մի թողեք
Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
«Մի քանի տարի առաջ կլոր սեղանի ութերորդ տեղը հատկացվում էր ՌԴ նախագահին, այսօր այնտեղ Վլադիմիր Զելենսկին է»
Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել․ Լուսանկար