30/06/2026

EU – Armenia

Նոր խնդի՞ր․ Ալիևը Նաթանյահուի «առաջարկությանը» հրապարակային չի արձագանքել

Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ։ Թուրքական մամուլը այդ առթիվ կարևորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Անկարա այցը, որի շրջանակներում, կարծես, նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նրա առանձին հանդիպումը։

Թուրք փորձագետները աշխուժորեն քննարկում են F-35-ի ծրագրին Թուրքիայի միանալու և KAAN ազգային կործանիչների համար ԱՄՆ-ից շարժիչներ ստանալու «բարձր հավանականությունը»։

Թրամփի վարչակազմը, ըստ թուրքական մամուլում իշխող գնահատականի, այդպիսով «փոխհատուցում» է Իրանի շուրջ իրավիճակում Թուրքիայի «ցուցաբերած աջակցության համար»։ Հունիսի 14-ին ԱՄՆ նախագահ Թրամփը Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հետ «ծանր հեռախոսազրույց է ունեցել»։

Իսրայելում իրանա-ամերիկյան «Փոխըմբռնման մասին» հուշագրիչց դժգոհ են։ Միաժամանակ, սակայն, Վաշինգտոնը հյուրընկալել է իսրայելա-լիբանանյան բանակցությունները, որի արդյունքում կողմերը դեսպանների մակարդակով «շրջանակային համաձայնագիր» են ստորագրել։

Խիստ ուշագրավ է, որ նույն օրերին Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարիա Անխել Օլգին Կուելյարը կողմերին ներկայացրել է Կիպրոսի կարգավորման նոր առաջարկություն։

Ըստ տեղեկությունների, «կղզին կարող է միավորվել որպես դաշնային պետություն»։ Կիպրոսի հյուսիսի թուրքական կազմավորման առաջնորդ Էրհյուրմանը հայտարարել է, որ «առանց երաշխավոր երկրի՝ Թուրքիայի, համաձայնության ոչ մի գաղափար կենսունակ» չէ։

«Հայաստանի զարգացման համար հարևանների հետ խաղաղությունը զարգացման հնարավորություն է, իսկ Իսրայելի 37-րդ կառավարությունը գտնում է, որ այդպես» չէ,- Երուսաղեմում Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ ֆեյսբուքի անձնական էջում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Զուլֆուգարովը։

Թե ինչո՞ւ է նա վերը «գծած համատեքստը անտեսել» և սևեռվել Հայաստան-Ադրբեջան և հայ-թուրքական կարգավորման վրա, կարելի է ենթադրել նրա ամփոփիչ ձևակերպումից․ «Կարծում եմ, դա մեզ համար լավ առիթ է, որպեսզի դիստանցավորվենք Նաթանյահուի կառավարությունից՝ հաշվի առնելով Իրանի քաղաքական վերնախավում ադրբեջանամետ համակրանքի աճը»։

Հունիսի 12-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Ալիևին հղած ուղերձում բարձր է գնահատել «տարածաշրջանային կայունությանը ներդրում բերող ջանքերը», որ գործադրում է նա, որպեսզի «մոտեցնի ընդհանուր նպատակների ձեռքբերումը»։

Ալիևը Նաթանյահուի «առաջարկությանը» հրապարակային չի արձագանքել։ Ըստ երևույթին, պատասխանը փոխանցվել է դիվանագիտական խողովակներով։ Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ տարածաշրջանային «ընդհանուր նպատակներ» չի տեսնում։