Իրանի նախկին Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի պաշտոնական արարողությանը Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրել է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպման մասին որևէ տեղեկություն չի տարածվել։ Համացանցում, մինչդեռ, տեսանյութ է տարածվել, որտեղ Մեդվեդևը հանդես է գալիս խիստ ինտրիգային հայտարարությամբ։
Ըստ նրա, Իրանը «ջերմամիջուկային զենք ունի, և դա Բաբ-էլ Մանդեպի նեղուցն» է։ Մեդվեդևի կարծիքով, այդ նեղուցը փակվելու դեպքում նավթի և առհասարակ էներգակիրների միջազգային շուկան «լրջագույն խնդիրներ կունենա»։
Ներկայումս ԱՄՆ-ը և Իրանը բանակցում են Հորմուզի նեղուցում նավագնացությունը կարգավորելու շուրջ։ Հունիսի 15-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստորագրված «Փոխըմբռնման մասին» հուշագիրը նախատեսում է բանակցությունների վաթսունօրյա ժամկետ, որի ընթացքում կողմերը պետք է քննարկեն չափազանց կարեւոր հարցեր։ Իրանի «ջերմամիջուկային զենքի» մասին Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը վկայում է, որ առնվազն այս փուլում Ռուսաստանը իրանա-ամերիկյան կարգավորմամբ շահագրգռված չէ։
Հորմուզի նեղուցի արգելափակումը նավթի գների էական աճ է խթանել և նպաստել Ռուսաստանի բյուջետային մուտքերի աճին։ Եթե Եմենի հութիները արգելափակեն Բաբ -էլ Մանդեպի նեղուցը, ապա էներգակիրների միջազգային շուկայում Ռուսաստանի դիրքերը կամրապնդվեն։
Բայց իրանա-ամերիկյան կարգավորումը Ռուսաստանին ձեռնտու չէ, ամենայն հավանականությամբ, քաղաքական առումով։ Իրանի հետ հրադադարի հաստատումից հետո ԱՄՆ նախագահը մի քանի անգամ խոսել է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Ի՞նչ հիմնավորում ունի Իրանի կողմից «ջերմամիջուկային զենքի օգտագործման» մասին ՌԴ ԱԽ նախագահի տեղակալի «կանխատեսումը», արդյոք դա Մեդվեդևի «ինքնագործունեությո՞ւնն» է, թե՞ Մոսկվան Թեհրանի հետ «ստվերային բանակցություններ է վարում», դժվար է կողմնորոշվել։ Բայց, երևի, պետք է առաջնորդվել այդ կարգավիճակի քաղաքական գործչի «մեղսունակության կանխավարկածով»։
Իրանա-ամերիկյան բանակցությունների շուրջ իրավիճակը առանց այդ էլ բարդ է, իսկ եթե գումարվի նաև Ռուսաստանի «տորպեդահարման փորձը», ապա գործընթացը կարող է ձախողվել։ TRIPP նախագծի մասին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գալուզինի վերջին հայտարարությունը, որ այդ նախագծին Ռուսաստանի մասնակցությունը «օգտակար կլիներ», երևի, պետք է գնահատել այդ համատեքստում։

Բաց մի թողեք
Ժամանակի անխուսափելի հետհաշվարկը մեկնարկել է
Մեծ սկանդալ՝ 2026-ի մունդիալում․ Թրամփն այստեղ էլ «միջամտեց»
Ռուսաստանում մտադիր են միգրանտներին արտաքսել սեռական, ռասայական և այլ խտրականությունների հիմքով