Հուլիսի 11-ին Թբիլիսիում տեղի կունենա Ուկրաինայում զոհված վրացի կամավորականների հիշատակին նվիրված երթ։
Այդ մասին հայտնել է apsny.ge առցանց լրատվամիջոցը։ «Արդեն ավելի քան երկու հարյուր տարի վրացի ժողովուրդը պայքարում է ռուսական իմպերիալիզմի և օկուպացիայի դեմ»,- ասված է միջոցառման կազմակերպիչների կողմից մամուլին տրամադրած հայտարարության տեքստում։
Նրանք համարում են, որ «Ուկրաինան այսօր պայքարում է հանուն խաղաղության, ինչպես նաև պաշտպանում է իր անկախությունը և ինքնիշխանությունը, և այդ կռվին մասնակցում են նաև Վրաստանի քաղաքացիներ, որ Ուկրաինայում մարտնչում են հանուն Վրաստանի»։
Արդյոք Թբիլիսիի քաղաքային իշխանությունները արտոնե՞լ են երթը, թե՞ կազմակերպիչները կհանդիպեն խոչընդոտների, այդ մասին առայժմ տեղեկություն չկա։
Նույն օրը, երբ տարածվել է նշված հայտարարությունը, հայտնի է դարձել, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Պապուաշվիլին Բելգրադում մասնակցել է Եվրամիության անդամության թեկնածու երկրների խորհրդարանների ղեկավարների հիմնադիր խորհրդաժողովին։ Saqinform պաշտոնական գործակալությունը փոխանցել է Պապուաշվիլի ելույթի հիմնական դրույթները։
Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ, «Եվրամիության տնտեսական և աշխարհաքաղաքական թուլացած դիրքերի ամրապնդման համար անհրաժեշտ է Բալկաններում և Սևծովյան տարածաշրջանում նրա ընդլայնումը», իսկ դրան հասնելու համար «Եվրամիությունը պետք է ընդլայնումը ընկալի իբրև պատմական հնարավորություն, այլ ոչ թե իր համար բեռ կամ էլ որպես բարեգործություն, ինչպես ոմանք են ներկայացնում»։
Վրաստանի խորհրդարանի նախագահի այս կոշտ դեմարշը, ինչ խոսք, հենված է իր երկրի կոմունիկացիոն և լոգիստիկ հնարավորությունների վրա, բայց մյուս կողմից արժե ընդգծել, որ պաշտոնական Թբիլիսին, չնայած Բրյուսելի հետ առկա սկզբունքային տարաձայնություններին, այնուամենայնիվ ԵՄ անդամության թեկնածու երկրների խորհրդարանական համաժողովի հիմնադիր անդամ է դարձել։
Ավելին, Բելգրադում կայացել է Վրաստանի և Սերբիայի խորհրդարանների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում Պապուաշվիլին Վրաստանի տարածքային ամբողջականությանը սատարելու համար սերբական կողմին «երախտագիտություն է հայտնել» և վստահեցրել, որ Վրաստանը «վճռականորեն պաշտպանում է Սերբիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։
Նույն հարթակում Վրաստանի և Ուկրաինայի հիմնադիր ներկայությունը Եվրամիության համար արդեն իսկ քաղաքական ձեռքբերում է։

Բաց մի թողեք
ԵՄ-ն առաջարկում է արգելել իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը
Բըրնհեմը դիտարկում է հատուկ հարաբերությունների ոչ պաշտոնական տարբերակը
Լը Պենի ռազմավարությունը՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու համար. Բարդելային ամենուրեք բերել