Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը 2026թ.-ի հունվարի 16-ին և 17-ին Գերմանիայում՝ Զաալֆելդի Meininger Hof համերգասրահում հանդես է եկել Թյուրինգիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ փետրվարի 8-ին կղեկավարի Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը՝ Նյուրնբերգի Meistersingerhalle-ում:
Ցուրտ ձմեռային համերգաշրջանի սկզբին Թյուրինգիայի սիմֆոնիկ նվագախումբը բոցավառեց երաժշտական կրակը: Ծրագիրն արտահայտում էր Բեթհովենի դասական խստությունից մինչև Խաչատրյանի վառ, ժողովրդական վիրտուոզությունը և Շոստակովիչի ժամանակակից երաժշտության դրամատիզմը։
Համերգը սկսվեց Լյուդվիգ վան Բեթհովենի «Պրոմեթևս» բալետի նախերգանքով, որտեղ կոմպոզիտորն անդրադարձել է հնագույն առասպելին, ցուցադրելով աստվածների դեմ Պրոմեթևսի ապստամբությունը, ով կրակ է բերում մարդկանց և արժանանում դաժան պատժի: Այս հերոսական պատմության մասին բալետում կոմպոզիտորը խստորեն հետևրում է ձևավորված երաժշտական ավանդույթներին, իսկ Սիմֆոնիա թիվ 2-ում, որը հնչեց նախերգանքից հետո, անցում է կատարում նոր սիմֆոնիկ կոնցեպտի:

Երկրորդ բաժնում հնչած Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը վառ հակադրություններով լի ստեղծագործություն է՝ հզոր, հստակ ռիթմիկ պասաժները համադրվում են ժողովրդական մեղեդիների և անսովոր էֆեկտների հետ: Վիրտուոզ Կոնցերտի կատարումը, որը միջազգային սենսացիա էր հենց պրեմիերայի օրվանից (1936), հանձն էր առել երիտասարդ դաշնակահար Անդրեյ Կուրբետը: Նա եկել էր փոխարինելու Արմեն Բաբախանյանին, ով, հարգելի պատճառներով, չէր կարողացել ժամանել Գերմանիա:
Համերգն ավարտվեց Շոստակովիչի «Մցենսկի Լեդի Մակբեթ» օպերայի Ադաջիոյով՝ լարային նվագախմբի համար, որի երաժշտության մեջ համադրված են ողբերգությունն ու նուրբ երգիծանքը՝ հզոր կերպով փոխանցելով գլխավոր հերոսուհու ներքին տառապանքը, ով ապստամբում է նվաստացուցիչ հանգամանքների դեմ:
Համերգի մասին մասնագետների արձագանքներում նշվում է. «Թյուրինգիայի ունկնդրին արդեն լավ ծանոթ ականավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հերթական անգամ նվագախումբը հասցրեց իր վարպետության գագաթնակետին: Բեթհովենի «Պրոմեթևս»-ի նախերգանքը բարդ ծրագրի շատ հաջող սկիզբ էր, իսկ Բեթհովենի Երկրորդ սիմֆոնիայում նվագախումբը կրկին փայլեց՝ հրավիրյալ դիրիժորի ղեկավարությամբ։ Երեկոյի գագաթնակետը Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտն էր՝ մենակատար Անդրեյ Կուրբետի կատարմամբ։ Անհավանական է՝ փշաքաղվելու աստիճան: Ընդամենը քսանչորս տարեկան երիտասարդ մենակատարն իր գործի վարպետն է, ինչպիսի՜ գեղարվեստական տպավորություն։ Շոստակովիչի «Ադաջիո»-ում նվագախումբը տպավորեց երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող տաք և թանձր լարային հնչողությամբ: Զաալֆելդի լեփ-լեցուն Meininger Hof-ի հանդիսատեսը որոտալից ծափահարություններով արտահայտեց իր երախտագիտությունը նվագախմբին, մենակատարին և հրավիրյալ դիրիժորին»։
Գերմանիայում Թոփչյանի հաջորդ համերգը տեղի կունենա փետրվարի 8-ին, Նյուրնբերգի Meistersingerhalle-ում, Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ծրագրում ներառված են Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայի նախերգանքը, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը և Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, որի մենակատարն է հռչակավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը:
Իսկ մինչ գերմանական հյուրախաղերը մաեստրո Թոփչյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մասշտաբային հյուրախաղերով հանդես եկավ Չինաստանի ինը մշակութային կենտրոններում:







Բաց մի թողեք
Ջենիս Ջոպլինի ձայնը. վերք, որ երգեց՝ սև բլյուզի ցավից դեպի սպիտակ հակամշակույթի ճիչը․ Էսսե
«Բանաստեղծը, որ չէր հանգստանում» կամ՝ «Խստություն սեփական հոգու նկատմամբ»․ Պարույր Սևակին, ում ծննդյան օրն է այսօր
Ծովը, որ ծափ էր տալիս՝ Ֆեդերիկո Ֆելինիին․ Էսսե