30/12/2025

Տոկաևը մերժում է Նազարբաևի միջնորդությունն ու Պուտինի դեմ քարոզչական «հակագրոհ է կազմակերպում»

Ես խղճում եմ մարդուն, որ հայրենիքում, իր երկրում, սեփական ժողովրդի մոտ հենարան չունի և այժմ ստիպված է երկրից դուրս աջակցություն փնտրել: Դա նախկին նախագահի ողբերգությունն է: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի դեկտեմբերի 29-ին նիստում հայտարարել է պատգամավոր Երմուրատ Բապին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 27-ին Վլադիմիր Պուտինը Կրեմլի անձնական հարկաբաժնի սեղանատանը հյուրընկալել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Այդ առթիվ մենք կարծիք էինք հայտնել, որ Պուտինը, հավանաբար, փորձում է Նազարբաևի միջոցով «ուղղորդել» Կասիմ Ժոմարթ Տոկաևին:: Ըստ երևույթին, իրավիճակը շատ ավելի բարդ է: Ղազախստանցի պատգամավորը խորհրդարանին առաջարկել է նախկին պաշտոնյաների և հատկապես Նազարբաևի արտասահմանյան ճամփորդությունների նկատմամբ իրավական սահմանափակումներ կիրառել:

Նա պարզորոշ հայտարարել է, որ Նազարբաևը պետական այնպիսի գաղտնիքների կրող է, որ «շարունակում են մնալ Ղազախստանի ազգային անվտանգության գործոններ»: Ասվածը վկայում է, որ Տոկաև-Նազարբաև հարաբերությունները սրված են, և պաշտոնական Աստանան նախկին նախագահի և Վլադիմիր Պուտինի շփումները գնահատում է «անվտանգային սպառնալիք»:

Ղազախստանցի պատգամավորը փաստացի բացահայտել է, որ տարվա ընթացքում Պուտինի և Տոկաևի պետական փոխայցելությունները խոշոր հաշվով կրել են արարողակարգային բնույթ:

Եկող տարին Ղազախստանի համար նշանակալի է. լրանում է Ալմաթիի ողբերգության 40-ամյակը: Մամուլում արդեն իսկ մի քանի հրապարակումներ են արվել, որ «ուսանողների բողոքի ցույցը կազմակերպել է Նախարարների խորհրդի նախագահ Նազարբաևը, որպեսզի ռուս Կոլբինի փոխարեն ինքը նշանակվի Ղազախստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար»:

Այդ օրերին խորհրդային բանակը ցուցարարների դեմ ուժ է կիրառել, սպանվել են հարյուրավոր երիտասարդներ: Նազարբաևն, ըստ երևույթին, զգուշանում է, որ նախագահ Տոկաևը կարող է բացահայտումներ անել, ուստի պաշտպանություն է փնտրում Մոսկվայում:

Ի՞նչ որոշում կընդունվի Նազարբաևի և նախկին այլ պաշտոնյաների տեղաշարժի վերաբերյալ, կանխատեսելի է: Բայց երևույթը, երբ նախկին պաշտոնյաները սեփական երկրում հենարան չունենալով՝ աջակցություն են փնտրում Մոսկվայում, բնորոշ է ոչ միայն Ղազախստանին:

Կարելի է ենթադրել, որ եթե Ղազախստանում նախկին նախագահ Նազարբաևի տեղաշարժը սահմանափակող իրավական ակտ ընդունվի և կիրառվի, ապա Մոսկվան այդ հարցում խնդիրներ կունենա նաև հետխորհրդային այլ երկրների հետ:

Առայժմ, կարծես, Կասիմ Ժոմարթ Տոկաևը Պուտինի դեմ քարոզչական «հակագրոհ է կազմակերպում»: