31/12/2025

Ալավերդու նախկին պաշտոնյաները հաղթել են դատական վեճը, համայնքապետը հրաժարվում է կատարել․ Լուսանկար

Ալավերդու համայնքապետարանի  նախկին պաշտոնյաներ Սասուն Վարդումյանը  եւ Արտուշ Աբելյանը, որոնք զբաղեցնում էին համայնքապետի տեղակալի պաշտոնները, դատի են տվել Ալավերդու ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղումաշյանին:

Հրապարակ թերթը գրել է․ Սասուն Վարդումյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ  Ալավերդի համայնքի ղեկավարի՝ խնդրելով վերացնել (անվավեր ճանաչել) Դավիթ Ղումաշյանի 20.12.2023 թվականի «Վարչական ակտն առոչինչ ճանաչելու մասին» թիվ 1455-Ա որոշումը: Վարչական դատարանը Սասուն Վարդումյանի հայցը բավարարել է` անվավեր  է ճանաչել նշված որոշումը:

Ալավերդու համայնքապետը բողոքարկել է Վարչական դատարանի վճիռը։ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Դավիթ Ղումաշյանի բողոքարկումը:

Նախկին պաշտոնյանները հաղթել են դատական վեճը՝ համայնքապետը հրաժարվում է կատարել 

Մեկ ամիս անց Վարչական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնել: Ալավերդու համայնքապետ Դավիթ Առուշանյանը դատարանի վճիռը կատարելու փոխարեն,   դեկտեմբերի 11-ի ավագանու հերթական նիստի օրակարգում հետեւյալ հարցն է ընդգրկել. «Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանիներից բաղկացած նախաձեռնող խմբի առաջարկությունն ու կից փաստաթղթային հիմքերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության Լոռու մարզի դատախազություն՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի նախկին պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»։

Այսինքն, ոչ թե վերականգնել է նրանց իր աշխատանքում, այլ քրեական գործ հարուցելու փորձ է արել, որ հրաժարվեն իրենց իրավունքները պաշտպանելուց: Բնականաբար՝ ավագանու ՔՊ-ական անդամները կողմ են քվեարկել, կողմ է քվեարկել նաեւ ճամբարափոխ եղած, այժմ անկախ ավագանի Սիմոն Զախարովը, ում քվեն վճռական եղավ նախկին համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնաթող անելու` անվստահություն հայտնելու եւ համայնքային իշխանությունը «Ապրելու երկիր» կուսակցությունից խլելու հարցում։

Համայնքապետի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանին հարցրինք՝ կա՞ դատարանի կողմից ուժի մեջ մտած որոշում: Ավագանու նիստում հայտարարեցիք, որ  համայնքի ղեկավարը ՏԻՄ-ի անունից դիմի դատախազություն, եւ դատախազությունն էլ իրավական գնահատական տա: Երկու ատյանները հայցը բավարել են, ի՞նչ հասկանանք իրավական գնահատական ասելով. «Սասուն Վարդումյանը համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնի է նշանակվել համայնքի ղեկավարի կարգադրությամբ, որի լիազորությունը համայնքի ղեկավարը չի ունեցել: Սասուն Վարդումյանի նշանակումը իրավաչափ չի: Հիմա դիմելու ենք դատախազություն. արդյո՞ք դա իրավաչափ է, որ այդ մարդն աշխատել է, ստացել է աշխատավարձ: Միգուցե այս դատից հետո նա կրկին դատարան դիմի, որ ինձ չաշխատացած ժամանակահատվածի համար վարձատրեք,  արդյո՞ք իրավաչափ է, որ համայնքային բյուջեից այդ մարդուն այդքան գումար տանք»:
Վարչական դատարանում իրավական գնահատականի պահա՞նջ չէիք  ներկայացրել. «Մենք Վերաքննիչ դիմել էինք, որ առաջին ատյանի կայացրած որոշումը վերանայել: Քանի որ փաթեթը ես  չեմ պատրաստել, բերեք ոչինչ չասեմ, մի փոքր այլ ասեմ` կարող է միտքը փոխվի»: Ենթադրենք Դատախազությունը տվեց իրական գնահատական,  դատարա՞ն եք դիմելու. «Դա իրավական գնահատականից կախված կլինի: Համայնքի ղեկավարի տեղակալին նշանակում է ավագանին, երկու անգամ ավագանին մերժելուց հետո, նոր համայնքի ղեկավարը կարող է գործողություն կատարել»: Բայց ՏԻՄ օրենքում նաեւ նշված է. Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը: «Եթե ավելի մանրամասն ուզում եք իմանալ, գրեք` կպատասխանենք, իսկ ինչ վերաբերվում է օրենքի տարակարծությանը՝  դիմեք լիազոր մարմնին՝ ՏԿԵՆ»:

Նշենք, որ նախկին համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Աբելյանը եւս հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի դեմ՝ խնդրելով վերացնել (անվավեր ճանաչել) վերջինիս 20․12․2023 թվականի «Վարչական ակտն առոչինչ ճանաչելու մասին» թիվ 1456-Ա որոշումը: Վարչական դատարանը կրկին հայցը բավարարել է: Նույն ձեռագրով՝ Դավիթ Ղումաշյանը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ, դատական նիստը կկայանա 2026 թ. նոյեմբերի 5-ին` ուղիղ մեկ տարի անց:

Հիշեցնենք, որ 2022 թ. սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել «Քաղաքացիական պայմանագիրը» և «Ապրելու երկիրը»՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: «Ապրելու երկիրը» կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ, և 2022-ի հոկտեմբերի 12-ի նիստին «Ապրելու երկրի» ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանին ընտրել էին համայնքապետ: Պարտված ՔՊ-ին հետագայում հաջողվեց տեռորի ու կաշառքի միջոցով իր կողմ քաշել «Ապրելու երկրի» ավագանու անդամ Սիմոն Զախարովին եւ անվստահություն հայտնել Արկադի  Թամազյանին: ՔՊ-ական համայնքապետը «գրավեց» համայնքապետարանը եւ գործի անցավ՝ առանց ծանուցելու աշխատանքից ազատելով համայնքի ղեկավարի տեղակալներին: