28/12/2025

Ալիևը, հավանաբար, կընդունի Պուտինի «խաղի կանոնները», այլ ելք ունի՞

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը պաշտոնական նամակով ծանուցել է, որ Բաքու-Գրոզնի չվերթի մարդատար օդանավի աղետի փաստով հարուցված քրեական գործի վարույթը դադարեցվել է:

Դա նշանակում է, որ մեղադրյալներ չկա, դատաքննություն չի անցկացվի: Նախօրեին Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է աղետի պատճառների ուսումնասիրության «միջանկյալ եզրակացությունը»:

Այն փաստում է, որ օդանավը ենթարկվել է արտաքին միջամտության, բայց «հրթիռի մարտական մասի խոցող տարրերի պատկանելիությունը պարզ չէ»:

Ասվածը «թարգմանաբար» նշանակում է, որ ինքնաթիռը խոցվել է մարտական հրթիռից, բայց «պարզ չէ, թե այն որ երկրի է պատկանում»: Ղազախական կողմի «միջանկյալ եզրակացությունը» նա փաստում է, որ օդանավի կառավարման համակարգչային համակարգը «թերմոդինամիկ ազդեցությամբ շարքից դուրս է եկել և վերականգնման ենթակա չէ»:

Նույն օրն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը տարեվերջի մամուլի ասուլիս է անցկացրել, որի ընթացքում Բաստրիկինի նամակը գնահատել է «տարակուսելի»:

Ի՞նչ նկատի ունի նա, կարելի է հասկանալ Բաքվի իշխանական մամուլի մի քանի հրապարակումներից, որոնցում այն ուղենշային միտքն է զարգացված, որ Վլադիմիր Պուտինը «խախտել է Դուշանբեում Իլհամ Ալիևին տված խոստումները»:

Դուշանբեում, ինչպես հասկացվում է, Պուտինը և Ալիևը երկու հանդիպում են ունեցել, և Ադրբեջանի նախագահը տուն է վերադարձել այն հույսով, որ օդանավի աղետի համար պատասխանատու զինվորականները կենթարկվեն քրեական պատասխանատվության, Ռուսաստանի կառավարությունը փոխհատուցում կվճարի թե զոհվածների հարազատներին և տուժածներին, թե AZAL ավիաընկերությանը:

Այդ հույսերը չեն արդարացել: Ռուսաստանը բավարարվել է Գրոզնիում աղետի զոհերի հիշատակին հուշարձանի բացման արարողությամբ, որին Ադրբեջանի դեսպանը մասնակցել է: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ առթիվ լավատես է գտնվել և ասել, որ հիշատակի հարգման արարողությունը թույլ է տալիս «տարաձայնությունների էջը փակել»:

Ադրբեջանական մամուլը Վլադիմիր Պուտինին սպառնում է միջազգային հետաքննությամբ և վկայակոչում Դոնբասի երկնքում մալայզիական մարդատար օդանավի կործանման մասին վերջերս ընդունված վճիռը:

Ալիևը կգնա՞ նման քայլի: Տպավորություն է, որ Բաստրիկինի նամակի կապակցությամբ Բայրամովի «տարակուսանքը» և իշխանական մամուլի հրապարակումները «դեմք փրկելու» համար են:

Բաքվում գերազանց գիտեն, որ Պուտինը երբեք չի ընդունի, որ Ռուսաստանի ՀՕՊ-ը մարդատար ինքնաթիռ է խոցել: Ինչ բացատրություն էլ տրվի, դա Ռուսաստանի համար վարկանիշային մեծ կորուստ է: Ալիևը, հավանաբար, կընդունի Պուտինի «խաղի կանոնները»: