25/01/2026

Գրենլանդիան ուժով բռնակցելու գաղափարից հրաժարվելու մասին Դավոսում ասել է ԱՄՆ նախագահը

Ուկրաինական կողմը Աբու-Դաբիի երկօրյա բանակցությունները «դրական» և «կառուցողական» է գնահատել: Այդ մասին հայտնել է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղելով Axios-ի լրագրող Բարակ Ռավիդին:

Սպիտակ տունը նույնպես «գոհ է բանակցությունների ընթացքից», գրել է NBC հեռուստաընկերության կայքը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին: Ենթադրվում է, որ եռակողմ՝ ռուս-ամերիկա-ուկրաինական «խորհրդատվությունների երկրորդ փուլը կմեկնարկի հաջորդ շաբաթ, դարձյալ Աբու-Դաբիում»:

Ըստ տեղեկությունների, տարածքային հարցերում «կողմերը պնդում են մեկնարկային դիրքորոշումը: Ռուսաստանը պահանջում է Դոնեցկի մարզից ուկրաինական զորքերի դուրսբերում, Կիևը վճռականորեն մերժում է»:

Ընդսմին, ինչպես հասկացվում է տեղեկատվական ակնրակներից, Ռուսաստանը պնդում է, որ ուկրաինական զորքերը Դոնեցկի մարզի իրենց հսկողության տակ գտնվող տարածքներից «պետք է հեռանան հրադադար հաստատելուց առաջ», որից հետո այդ պահի դրությամբ զորքերի շփման գիծը «կարող է սառեցվել»:

Աբու-Դաբիում քննարկումների ավարտից ժամեր առաջ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ հունվարի լույս 24-ի գիշերը Ռուսաստանը «զանգվածային հրթիռակոծման է ենթարկել ոչ միայն Կիևի խաղաղ բնակիչներին, այլեւ բանակցությունների սեղանը»:

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի գործողությունները վկայում են «քաղաքացիական բնակչության դեմ Ռուսաստանի ցեղասպանական պատերազմը» և «Պուտինի տեղը բանակցությունների սեղանի շուրջ չէ, այլ՝ միջազգային տրիբունալի առջեւ»:

Վլադիմիր Պուտինի դեմ միջազգային տրիբունալ ստեղծելու առաջարկությամբ Դավոսում հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Զելենսկին և եվրոպական երկրներին համարձակություն դրսևորելու կոչ արել:

Ուկրաինական կարգավորման եռակողմ բանակցությունների ֆոնին Bloomberg-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցում կայացրել է Դանիայի հետ խորհրդատվություններ անցկացնելու որոշում:

Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը առաջարկել է վերադառնալ 1951թ. պայմանագրին, որը Միացյալ Նահանգների համար Գրենլանդիայում ռազմական լուրջ ներկայություն էր ապահովում: Ըստ աղբյուրների, Դանիայի կառավարությունը «նման տարբերակին համաձայնության ազդակ է հղել»:

Գրենլանդիան «ամեն դեպքում Միացյալ Նահանգներին միացնելու» մասին Դոնալդ Թրամփի պնդումները Վլադիմիր Պուտինին շատ թանկ նվեր էին երկու առումով: Նախ, իրադարձությունների նմանօրինակ զարգացման դեպքում ՆԱՏՕ-ն առնվազն խոր ճեղք կտար, և ԱՄՆ-ը Եվրոպայի հետ կհայտնվեր հակառակ ճամբարում, ապա, ինչպես ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևն էր ենթադրել, Թրամփը հարկադրված կլիներ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բոլոր քայլերը «ճանաչել օրինական»:

Եթե Bloomberg-ի տեղեկությունը հավաստի է, իսկ Գրենլանդիան ուժով բռնակցելու գաղափարից հրաժարվելու մասին Դավոսում ասել է ԱՄՆ նախագահը, ապա Մոսկվան եռակողմ բանակցություններում պետք է «անհարմարություններ ունենա»:

Գրենլանդիայի շուրջ իրավիճակը Դանիայի հետ համաձայնությամբ կարգավորելու գործընթացի մեկնարկը նաև հստակ ազդակ կլինի, որ ԱՄՆ նախագահը գոնե ֆորմալ առումով հարգում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և հանրաճանաչ նորմերը:

Ի վերջո, Թրամփի բնորոշմամբ այդ «մի կտոր սառույցի» տարածքում ամերիկյան ռազմական ներկայության ամբողջ ծավալով վերահաստատումը կարելի է ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի որոշում:

ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո Դաշինքի գլխավոր քարտուղար Ռյուտեն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ սկանդինավյան յոթ երկրները Միացյալ Նահանգների հետ կապահովեն Գրենլանդիայի անվտանգությունը:

ԱՄՆ-Եվրոպա գրենլանդիական համաձայնությունը, եթե այն քաղաքական մակարդակում կայանա և մտնի գործնականացման փուլ, ամենայն հավանականությամբ, կզսպի Ուկրաինայի, ամբողջ հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի հավակնությունները, կկոտրի «Թրամփը և Պուտինը վերաբաժանում են աշխարհը» և «միջազգային իրավունքը չի գործում, ամեն ինչ ուժն է որոշում» չափազանց վտանգավոր նարատիվները:

Բայց իրականում ի՞նչ ընթացք կունենան իրադարձությունները, ցավոք, մնում է անկանխանտեսելի: