29/12/2025

ԵՄ սպասվող առաջիկա միջոցառմանը Վրաստանը չի մասնակցելու

Նոյեմբերի 18-ին, ինչպես հայտնի է, Բրյուսելում կկայանա ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողով։ Ինչ կարելի է սպասել այդ միջոցառումից, եւ արդյոք այն այնքան կարեւոր է, որքան փորձ է արվում ներկայացնել եվրապաշտոնյաների կողմից։

Առհասարակ, ընկալումն այնպիսին է, որ այդ գագաթնաժողովը, նույնիսկ եթե այս կամ այն երկրի առնչությամբ կոնկրետ որոշում էլ չկայացվի, միեւնույն է՝ համարվում է կարեւոր եւ նշանային հանգրվան։ Այսօրինակ ընկալումը թե՛ եվրապաշտոնյաների մոտ է, թե՛ «շահագրգիռ կողմերի», ինչպես ընդունված է ասել։

Նման միջոցառումների ժամանակ սովորաբար տեղի են ունենում ԵՄ հանդեպ լոյալության ցուցադրական «ռեւերանսներ», «եվրոպական ինտեգրացիայի» գաղափարին ու արժեքներին հավատարմության «մարաթոններ», ինչպես նկատում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր վերլուծական հոդվածում։

Արդեն հայտնի է, որ ԵՄ սպասվող առաջիկա միջոցառմանը Վրաստանը չի մասնակցելու։

Ըստ Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսյեի, Բրյուսելում ափսոսում են, որ Վրաստանը շարունակում է հեռանալ եվրոպական դեմոկրատական ուղուց։ Փաստացի, բարձրաստիճան եվրապաշտոնյան հաստատում է, որ այլ պատճառ չկա, որպեսզի Թբիլիսին հրավիրվեր այդ հանդիպմանը։ Վրաստանի բացակայությունը տրամաբանական էր ու սպասելի, եթե հիշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 4-ին, Եվրահանձնաժողովը հերթական անգամ հրապարակեց զեկույց ընդլայնման խնդիրների վերաբերյալ, որտեղ խիստ քննադատության ենթարկվեցին վրացական իշխանությունները։

Դրանից առաջ էլ՝ «Եվրանեսթի» երեւանյան նստաշրջանում եւս մեկ խստաշունչ բանաձեւ էր ընդունվել Թբիլիսիի վերաբերյալ, ինչից հետո Թբիլիսին դադարեցրել էր իր մասնակցությունն այդ ֆորմատին։ Եվրամիությունը Վրաստանի իշխող քաղաքական ուժի եւ վրացական իշխանությունների թիրախավորման հարցում խիստ հետեւողական է։

Թբիլիսիին մեղադրում են ոչ միայն եվրոպական դեմոկրատական ուղուց հեռանալու, այլ նաեւ արտաքին քաղաքական առաջնահերթությունները փոխելու եւ Մոսկվայի ազդեցության տարածք մտնելու մեջ։ Սակայն սա, ինչպես ասում են, դժբախտության դեռ կեսն է։

Մյուս կեսն արդեն կապված է ներվրացական իրականության եւ հատկապես՝ Միխայիլ Սահակաշվիլու հետ։ Վերջինս շարունակում է իր կողմնակիցներին սնել երբեմն խիստ օրիգինալ գաղափարներով։

Այսպես, ըստ վրաց փորձագետ Արչիլ Սիխարուլիձեի, Սահակաշվիլին առաջարկել է իր կողմնակիցներին՝ վրացական հասարակությունը բաժանել երկու մասի։ Մի մասը, հասկանալի է, «ճիշտ հատվածն է ներկայացնում», նրանք, ովքեր դեմ են գործող իշխանություններին եւ հարում են եվրոպական արժեքներին, մյուսն «արխայիկային հարողներն» են՝ «սխալ հատվածը»։

Ու ամենից ինտրիգայինն այն է, որ Սահակաշվիլին առաջարկում է «մաքրել վրացական հասարակությունը «ոչ ճիշտ վրացիներից»՝ ընդգծելով, որ այդ երկու հատվածների միջեւ հաշտեցումը հնարավոր չէ, քանի որ տարբերությունները կամ, ավելի ճիշտ՝ հակասությունները, ոչ ավել, ոչ պակաս, «քաղաքակրթական» բնույթի են։

Սահակաշվիլին, ըստ էության, արդարացնում եւ քաղաքական ու գաղափարական առումներով հիմնավորում է հասարակական զտումները։ Սա թերեւս ամենից կարեւոր հանգրվաններից է, թե ինչու նա չի կարողանում հետ բերել իշխանությունը։

Սակայն ԵՄ-ի համար նույնիսկ «հասարակական զտումներ» անցկացնելու թեզն այնքան կարեւոր չէ, որքան Ռուսաստանին «զսպելու» ռազմավարությունը, եւ Բրյուսելում նույնիսկ դրա վրա են պատրաստ աչք փակել՝ եզրակացնում է փորձագետը։