Եվրամիության երկրներն աշխատում են «ռազմական Շենգեն» ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին հայտնել է RMF FM ռադիոկայանը:
«Եվրահանձնաժողովը նոյեմբերի 19-ին կքննարկի ԵՄ ռազմական ճկունության, այսինքն տեխնիկայի և անձնակազմի մեծ ծավալների և ռազմական մատակարարման արդյունավետ տեղաշարժի մասին փաստաթուղթ»,- հայտնել է ռադիոկայանը: Ընդգծվում է, որ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները «ռազմական Շենգենի» գաղափարը հիմնավորում են նրանով, որ քաղաքացիական տեղաշարժը շենգենյան գոտում անարգել է:
Խոսքը Եվրամիության տարածքում ռազմական ազատ տեղաշարժի գոտի ստեղծելու մասին է, որտեղ պետք է գործեն միասնական կանոններ և ընթացակարգեր, կգործեն ցամաքային միջանցքներ, օդանավակայաններ և նավահանգիստներ:
Քննարկումներն ընթանում են «պատերազմի սկսման կամ ծայրահեղ ճգնաժամի առաջացման» կանխավարկածով: Ռադիոկայանի տեղեկություններով, Եվրահանձնաժողովի պաշտոնյաներն «անհանգստացած են, որ եվրոպական կամուրջները, ճանապարհները և երկաթուղիները տանկերի, զինծառայողների տեղաշարժի և մատակարարումների համար անպիտանի են»:
Նրանք գտնում են, որ «անհրաժեշտության դեպքում արևմուտքից արևելք տանկեր տեղափոխելիս տեխնիկան կարող է «խրվել» թունելներում, իսկ կամուրջները չեն դիմանա ծանրությանը»:
«Ռազմական Շենգեն» ստեղծելու անհրաժեշտության մասին ավելի վաղ հայտարարել է ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարության թիկունքի և լոգիստիկ ապահովման պետ Ալեքսանդր Զոլֆրանկը:
Նա կոչ է արել նախօրոք պատրաստել «պոտենցիալ ռազմական գործողությունների թատերաբեմը, եթե հարկ լինի կիրառել կոլեկտիվ անվտանգության մասին Դաշինքի հինգերորդ հոդվածը»:
Ըստ երևույթին, այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Եվրամիության տարածքում «ռազմական Շենգեն» ստեղծելու առթիվ մեկնաբանությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ըստ այդմ, «Եվրոպան մտադիր չէ ունկնդրել անվտանգության հարցում Ռուսաստանի մտահոգություններին և անտեսում է միասնական անվտանգության սկզբունքը»:
Եվրամիության երկրները, մինչդեռ, խիստ մտահոգված են Ուկրաինայում պատերազմը «մինչև հաղթական ավարտ» շարունակելու Ռուսաստանի անզիջում դիրքորոշմամբ: Ավելի վաղ եվրոպական ռազմական փորձագետները կանխատեսել են, որ Վլադիմիր Պուտինը «նախատեսում է Մերձբալթիկան կտրել Եվրոպայից և ՆԱՏՕ-ից»:
Խոսքը վերաբերում է Ռուսաստանը Կալինինգրադի մարզին կապող Սուալյան միջանցքին, որի նկատմամբ ռազմական վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին մի քանի ամիս առաջ հրապարակային խոսել է ՌԴ նախկին փոխվարչապետ Ռոգոզինը:
Իրական ռազմա-քաղաքական ռեժիմում ի՞նչ զարգացումներ են հնարավոր, ոչ ոք կանխատեսել չի կարող: Եվրամիությունը կստեղծի՞ «ռազմական Շենգեն», թե՞ քննարկումները կբախվեն բյուրոկրատական խոչընդոտների, ցույց կտա ժամանակը:
Բայց «նախօրոք պատերազմի թատերաբեմ ստեղծելու» գաղափարը, որ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականն է հնչեցրել, արդեն իսկ խիստ զգուշացնող է: Եվրոպայում ակնհայտորեն Ռուսաստանի հետ ռազմական բախման հավանականությունը չեն բացառում:






Բաց մի թողեք
2025 թվականի Միության վիճակի մասին ուղերձ. ի տարբերություն ԱՄՆ Սահմանադրության, ԵՄ պայմանագրերը չեն պարտադրում …
Ի՞նչ է պետք, որ Եվրոպան վերջապես հակահարված տա․ 2025 թ․ ամենաշատ ընթերցված պատմությունները
Էքսկլյուզիվ․ 2025 թվականի լավագույնները. Եվրոպական խորհրդարանի հինգ կարևորագույն պահերը