25/01/2026

Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ

Գորիսում զինամթերքի գործադրմամբ զինված միջադեպ է տեղի ունեցել:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր:

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ:

Գորիսում վեճի ժամանակ, ըստ ԶԼՄ-ին հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը: Արցախից դուրս եկած մի երիտասարդ էլ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են: Լրատվամիջոցների տեղեկություններով, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:

Մեր աղբյուրները հայտնում են, որ հողային վեճի պատճառով այսօր սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, նա եղել է ընկերոջ հետ, որի ազգականը հողային վեճի պատճառով նռնակ է պայթեցրել եւ երկու երիտասարդներն էլ մահացել են: