Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստորեն քննադատել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային: Նրա գնահատմամբ, երկու երկրները Կոսովոյի անկախության ճանաչման նոր նախաձեռնություն են սկսել և աֆրիկյան ու արաբական որոշ երկրների «հորդորում են ուղղակի կապեր հաստատել նրա հետ»:
Թուրքական մամուլը Վուչիչին մեղադրել է Իսրայելի հետ ռազմա-տեխնոլոգիական սերտ համագործակցություն հաստատելու և Բալկաններում Թուրքիայի «ավանդական կայունացնող դերակատարությունը թերագնահատելու» մեջ:
Սերբիայի նախագահը Թուրքիայի հասցեին քննադատություն հնչեցրել է նաև ավելի վաղ, երբ հայտնի է դարձել, որ Կոսովոյի բանակը թուրքական ԱԹՍ-եր է ստանում: Կոսովոյի վարչապետ Կուրտը ոչ միայն հաստատել է այդ տեղեկությունը, այլև բացահայտել, որ մոտ ապագայում կգործարկվի թուրքական ԱԹՍ-երի տեղում արտադրությունը:
Նա այդ համագործակցությունը համարել է «միջազգայնորեն օրինական», քանի որ Կոսովոն սպառազինություններ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, «ստանում է նաև Միացյալ Նահանգներից եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներից»:
Թուրքիայի հասցեին Սերբիայի նախագահի կոշտ քննադատությունը հնչել է Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախությունը ճանաչելու մասին պաշտոնական հայտարարության համատեքստում, որից հետո Անկարան շտապ դիվանագիտական շփումներ է ունեցել տարածաշրջանի մի քանի երկրների հետ: Սոմալիլենդը միջազգայնորեն ճանաչված է որպես Սոմալիի ինքնակառավարվող շրջան:
Իսրայելական մամուլը գրել է, որ Սոմալիլենդի անկախության ճանաչումը հնարավորություն է, որպեսզի այդ տարածքում Իսրայելը ներկայություն ունենա, որպեսզի «վերահսկի Եմենի հութիներին»:
Օրերս թուրքական աղբյուրները հայտնել են, որ Էրդողանը քննարկում է Սոմալիում «տիեզերակայան կառուցելու հարցը»: Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում ռազմա-քաղաքական իրավիճակը նոր գնահատումների տեղիք է տվել Իսրայել-Հունաստան-Կիպրոս գագաթնաժողովից հետո:
Սերբիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց ռազմական ներուժի առումով տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունի: Սերբիայի և Իսրայելի ռազմա-տեխնոլոգիական համագործակցությունը, հավանաբար, տեղի է ունենում ոչ առանց Միացյալ Նահանգների իմացության:
Թուրքիան շարունակաբար հավակնում է Բալկաններում «օսմանյան ժառանգության» պահպանմանը: Իսրայել-Հունաստան-Կիպրոս «եռյակ միությունը», եթե ներառնի նաև Սերբիային, լուրջ մարտահրավեր է Թուրքիային:
Իսրայելական ynet-ի մեկնաբանը գնահատել է, որ Թուրքիան «կարճ ժամանակահատվածում Իսրայելի համառակորդ-մրցակցից կարող է վերածվել իրական թշնամու»:
Իսրայելի և Թուրքիայի մրցակցության աշխարհագրությունը շարունակում է ընդլայնվել և տարածվում է Սիրիայից մինչև Բալկաններ, Լիբանանից՝ Հյուսիսային Աֆրիկա:
Առայժմ այն Հարավային Կովկասում բացահայտ չի դրսևորվում, բայց պարզ է, որ Մերձավոր Արևելքին և Իրանին սահմանակից մեր տարածաշրջանը նույնպես թուրք-իսրայելական շահերի բախման ասպարեզ է:
Այս առումով չափազանց կարևոր է լինելու Իսրայել-Ադրբեջան հետագա հարաբերությունների խնդիրը:






Բաց մի թողեք
Ինչո՞ւ է տհաճ խոսակցականով մարդն ընտրվում պատգամավոր, համայնքապետ կամ նշանակվում նախարար
Ալիևը, հավանաբար, կընդունի Պուտինի «խաղի կանոնները», այլ ելք ունի՞
Անգամ «խռովարար» սրբազանները՝ ԱԱԾ-ականներն ու ոստիկանական մեծաթիվ ուժերը անզոր գտնվեցին