Ամառային արձակուրդներից հետո երեկ խորհրդարանում կառավարության հետ այս նստաշրջանի առաջին հարցուպատասխանն էր։ Նիստից առաջ ԱԺ-ում անվտանգություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցները դահլիճից հավաքեցին պատգամավորների սեղաններին դրված ջրի բոլոր շշերը, ինչպես արվում էր նախկինում։
Հրապարակ թերթը գրել է․ Աշնանային նստաշրջանի հանդարտ մեկնարկից տպավորություն կար, որ կողմերը եկել են կառուցողական դաշտ, եւ առաջին հայացքից անգամ տարօրինակ թվաց շշերի «չեզոքացումը», հարցուպատասխանն էլ ցույց տվեց, որ ժամանակները փոխվել են՝ ՔՊ-ական պատգամավորներն ընդդիմությունից առավել նախահարձակ են ու ակտիվ։
Կառավարությանը հարց տալու համար գրանցված 33 պատգամավորից ընդամենը յոթն էր ընդդիմադիր, ՔՊ-ականներն առաջ էին ընկել եւ նախապես համաձայնեցված, եթե չասենք՝ մի կենտրոնից գրված հարցեր էին տալիս «մեծարգո վարչապետին», նա էլ մեկ անձի թատրոն էր բեմադրում՝ «խաղաղության» եւ «իրական Հայաստանի» մասին խոսելու հնարավորություն ստանալով։
Իշխանականները կարծում են, որ ընտրություններից առաջ պետք է հուժկու պայքար մղել բոլոր հարթակներում, այդ թվում եւ հատկապես՝ ինֆորմացիոն։ Պետք է փակել դաշտն իրենց թեզերով, համացանցը հեղեղել իրենց կեղծ քարոզչությամբ, խլացնել ընդդիմության ձայնը, կարեւոր չէ՝ կհավատան իրենց, թե՝ ոչ։ Իսկ որ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն նախընտրական աժիոտաժի մեջ են, դա փաստեց ոչ միայն նրանց պայմանավորված հարցուպատասխանը։ Նրանք կազմակերպված աշակերտների նման հատ-հատ անդրադառնում էին խնդրահարույց, հանրության շրջանում բուռն քննարկված հարցերին, որոնք առաջ են եկել օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրից հետո։
Անգամ՝ ՔՊ-ականների նողկալի վարքագծին։ Բոլոր հարց տվողները, առանց բացառության, Փաշինյանին դիմում էին «մեծարգո վարչապետ»-ով՝ թերեւս հույս ունենալով արժանանալ նրա բարեհաճությանը եւ «մեծարգո» տիտղոսով փորձելով հանրության շրջանում նրա հանդեպ խարխլված հարգանքը վերականգնել։
Նաեւ ցույց տալ, որ ստրկաբար պատրաստ են ծառայել իրեն, թելել իր ասեղը, իր հրահանգով ջուրը նետվել։ Ոմանք հարցուպատասխանից հետո իրենց հեղինակավոր եզրահանգումներն էին անում՝ կոնսպեկտած ներկայացնելով ու հաստատելով Փաշինյանի հերքումներն իրենց բարձրաձայնած խնդրի վերաբերյալ։
Օրինակ, երբեմնի ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը, խախտելով կանոնակարգը, նախ երկար-բարակ Փաշինյանին ներկայացրեց իր վերջին ամսվա վոյաժների մասին, հետո էլ ընդդիմադիրների քննադատությունները բարձրաձայնեց, թե ինչպես է մե՛կ ԱՄՆ գնում, մե՛կ՝ Չինաստան, մե՛կ՝ Ճապոնիա եւ այլն։ Փաշինյանի պատասխանից հետո էլ ճամբարափոխը չհանգստացավ եւ արձանագրեց, թե տպավորություն է, որ մեր ընդդիմադիրներն աշխարհի առաջնորդներին սովորեցնում են՝ որն է իրենց շահը։
ՔՊ-ականների հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր վաշինգտոնյան համաձայնագրին, կազմակերպված ձեւով առաջ էին տանում այն թեզը, թե իրենք խաղաղություն են բերել, իսկ ընդդիմությունը դա չի ուզում, դրա համար է չարախնդում։ Փաշինյանն էլ վայրկյանը մեկ կրկնում էր «խաղաղություն» բառը՝ հույս ունենալով, որ կկարողանա կրկնությամբ ներշնչել ու համոզել շատերին, որ իսկապես խաղաղություն է բերել։
«Հաստատվել է խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն»,- ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ավելի անկեղծ գտնվեց՝ ջուր լցնելով ՔՊ-ի խանդավառության վրա։ «Մենք դեռ ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար գործընթաց է, խաղաղությունը խնամք ու հոգատարություն է պահանջում, պահանջում է զգուշություն՝ յուրաքանչյուր արտահայտվող բառի տեսանկյունից»,- ասաց նա։
«Եթե առաջիկայում էլ ստորագրեն խաղաղության պայմանագիրը, միեւնույն է՝ չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ»։
Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, որն իր լեքսիկոնում շարունակում է օգտագործել Ադրբեջանի ղեկավարը, Փաշինյանն ամբիոնից լուսապատճեններ ցուցադրեց՝ ստորագրած փաստաթղթերից, եւ եզրափակեց, որ ում անունով կուզեն, թող կոչեն, ինչ ուզում է՝ թող կոչեն․ «Եթե նույնիսկ երդվեն, որ Հայաստանի հետ կապ ունի, չհավատաք»։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում բոլորին է հրահանգվել՝ պրոպագանդել խաղաղության թեման, քանի որ վստահ են՝ ժողովուրդն իրենցից խաղաղություն է ակնկալում, եւ նախընտրական քարոզարշավն էլ տանելու են այդ գծում, որ իրենք խաղաղության կուսակցություն են, մրցակիցները՝ պատերազմի։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել