30/12/2025

Ում ձիերն են մորթել Ծովագյուղում ու ցլիկի մսի անվան տակ իրացրել ԳՈՒՄ-ի շուկայում

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում վիճաբանություն է եղել գյուղացիների և ՍԱՏՄ աշխատակիցների միջեւ:

Ծովագյուղի բնակիչ Սպարտակ Թովմասյանը իր գոմերում պահել է 70 գլուխ ձի, որոնցից մոտ 50-ը մորթվել են ոչ սպանդանոցային պայմաններում։ Միսը մաս առ մաս տեղափոխվել է Երևան՝ «ԳՈՒՄ»-ի շուկա, որտեղ իրացվել է որպես ցլիկի միս։

Տեղեկությունը հասել է ՍԱՏՄ: Տեսչական մարմնի աշխատակիցները Ծովագյուղ են մեկնել՝ ձիերի ոչ օրինական մորթից ստացված միսը առգրավելու նպատակով։  Բացի տեսչական մարմնի աշխատակիցներից Ծովագյուղում են եղել նաեւ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը եւ «Սևան» ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը:

Մեզ պատմեցին, որ ծովագյուղցիները դիմադրություն են ցույց տվել. «Գյուղում մեկը մյուսի թասիբին կանգնած ա,  եթե մի բանա լինում գյուղում, միահամուռ կանգնում ու պայքարում են, կապ չունի ինչ հարց ա»: Գյուղացիներից հետաքրքրվեցինք, թե ինչու էր ՇՄ նախարար տեղակալ Արամ Մեյմարյանը համայնք եկել. «Գյուղում ձիեր էին մորթել, կասկածել են, որ ազգային պարկից են եղել, եկել էին ստուգելու»:

ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին հարցրեցինք, թե ինչ է կատարվել Ծովագյուղում.  «Ես հրահանգ եմ ստացել,  գնացել եմ ստուգել, «Սևան» ազգային պարկ»-ի ձիերը տեղո՞ւմ են, թե՞ ոչ: Տեսել  եմ տեղում են եղել»:

Ի՞նչ կապ ունեն «Սևան» ազգային պարկ»-ի տնօրենն ու  ազգային պարկի ձիերը. «Ո՛չ  տնօրենը կապ ունի, եւ ոչ էլ՝ ձիերը, կարծում եմ ես Ձեր հարցին պատասխանեցի: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի հետ բացարձակ կապ չունի. «Ուրբաթ օրը նախարարի տեղակալի հետ  գնացել ենք Ծովագյուղ, որտեղ եւ հանդիպեցինք գյուղացիներին եւ ՍԱՏՄ –ի աշխատակիցներին:

Պարզվում է, որ Ծովագյուղում ձիեր են մորթել` առանց սպանդանոց տանելու, եկել էին, որ առգրավեն, ծովագյուղցիներն էլ՝ ընդիմացել են:

Ծովագյուղցիների մեջ էր նաեւ իմ խորհրդականը: Մոտենում եմ, ասում. ժողովուրդ ինչի՞ եք «Սևան» ազգային պարկ»-ի  անունը տվել: Ես ՍԱՏՄ-ի տեսուչին հարցնում եմ. այս պատմությունը մեր հետ ի՞նչ կապ ունի, տեսուչն ասում է. մենք ձեր անունը չենք տվել, մեր խնդիրը գյուղացիների հետ ա, որ ձիերը սպանդանոցում չեն մորթել:  Դրանից հետո մամուլում նյութ ա հայտնվում, եւ իմ անունը կապում են այս պատմության հետ: Խնդիրն այն է, որ այս ամենը  շուռ են տվել «Սևան ազգային պարկ»-ի տնօրենի վրա, իհարկե, ես լավ գիտեմ, թե քամին որտեղից ա փչում, միայն կասեմ, որ արածդ սրկայություն է»: