Դատավորների լյուստրացիայով պետք է զբաղվի ՀՀ դատարանը.
Դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած վճիռը՝ երկու տարով ազատազրկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ակնհայտորեն ապօրինի է եւ ակներեւաբար՝ «վերեւից» թելադրված:
Այս տարվա հունիսին՝ «չուլանի», «դոմփելու» եւ «կուսակրոնությունը ստուգելու» պատմություններից հետո, հանկարծ «հիշեցին», որ 2024 թվականի փետրվարի 3-ին տված հարցազրույցում Միքայել սրբազանն արտասանել է «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունը: Պարզ է, որ հակաեկեղեցական կամպանիայի շրջանակներում Փաշինյանը հանձնարարել է իրավապահներին՝ Միքայել սրբազանի վրա «մի բան գտնել»՝ նրան «փակելու» համար:
Դատախազությունը, քննիչները եւ դատարանը «պատվով» կատարեցին այդ հրահանգը: Քանի որ սա Երրորդ (առայժմ) հանրապետության պատմության մեջ, մեղմ ասած, առաջին դեպքը չէ, բնականաբար, հարց է առաջանում՝ ի՞նչն է, որ կարող է կանգնեցնել այդ արատավոր պրակտիկան: Պարզ է, որ ֆեյսբուքյան գրառումներով, ամոթանք տալով եւ դատավորին վիրավորելով հարցը չի լուծվի:
(Կտրականապես դեմ եմ որեւէ մեկին, հատկապես, կնոջը վիրավորելուն):
Խնդրի առանցքում, կարծում եմ, պետք է լինի անկախ դատական համակարգի ստեղծումը: 2018-19 թվականներին շատ էին խոսակցությունները «վեթինգի», «բարեվարքության», «անցումային արդարադատության», «լյուստրացիայի» մասին: Նման ոչ մի քայլ չձեռնարկվեց:
Հիմա արդեն պարզ է, որ դրանք, ինչպես միշտ, օդի մեջ խոսակցություններ էին, քարոզչական աղմուկ, որովհետեւ այսօրվա իշխանությունները մտադիր էին անել այն, ինչ անում էին նախկինները: Հենց դա՛ է այժմ տեղի ունենում:
Տարբերությունն այն է, որ հիմա քաղաքական դատավարությունները տեղի են ունենում ավելի ցինիկ, ավելի ամբարտավան եղանակով, եւ դրա բացատրությունը պարզ է: Ինչ էլ անի Հայաստանի այս իշխանությունը, նույնիսկ եթե ամեն օր 100 հոգի գնդակահարի, Արեւմուտքում ծափահարելու են Փաշինյանի «ժողովրդավարական բարեփոխումներին»: Եվ հակառակը՝ ինչ էլ անեն Վրաստանի իշխանությունները, նրանք Արեւմուտքի կողմից սուր քննադատության են ենթարկվելու «հակաժողովրդավարության» համար:
«Deeply concerned»՝ այսպես ասած: Նրանք, ովքեր մեր երկրում ներկայանում են «քաղաքացիական հասարակության» տեսանկյունից, նույն ալիքի վրա են: Ավտորիտար ռեժիմի հերթական վայրագ դրսեւորումներին նրանց արձագանքը պայմանավորված է նրանով, թե որքան deep է գրանտատուների concern – ը: Եթե concern չկա, ապա նրանք էլ որեւէ մտահոգություն չունեն:
Ժաննա Ալեքսանյանի կամ Վարդան Հարությունյանի նման «դասական», անկախ իրավապաշտպանները Հայաստանում շատ քիչ են: «Նախկինների» ժամանակ քաղաքական դատավճիռներ կայացնող Մնացական Մարտիրոսյանն այսօր էլ է դատավոր աշխատում: Նրա գործը շարունակող Արմինե Մելիքսեթյանը, շատ հավանական է, շարունակելու է դատել հաջորդ իշխանությունների ժամանակ:
Դրանից պարզ է, որ «հաջորդների» ժամանակ կհայտնվի նոր Մնացական կամ նոր Արմինե, որը կծառայի ապագա ռեժիմին, ոչ թե արդարությանը: Ելքն այն է, որ հայաստանյան դատարանը որոշում ընդունի նման դատավորների վերաբերյալ: Ընդ որում, պարտադիր չէ, որ պատժաչափը լինի խիստ՝ թեկուզ 5 հազար դրամի տուգանք:
Խնդիրն այն է, որ մեր դատարանն արձագանքի ապօրինությանը: Ինչու եմ շեշտում, որ դա պետք է լինի ՀՀ դատարանը, ոչ թե ՄԻԵԴ-ը: Որովհետեւ ՄԻԵԴ-ի որոշումները՝ այդ թվում՝ քաղաքական դատավարությունների վերաբերյալ, Հայաստանում լուրջ չեն ընդունվում եւ կանխարգելիչ դեր չեն խաղում:
Ենթադրենք, ՄԻԵԴ որոշմամբ պետությունը փոխհատուցեց ապօրինության զոհին մի քանի հազար եվրո: Ի՞նչ է դրանից փոխվում: Իսկ ահա Հայաստանի դատարանը կարող է արգելել քաղաքական պատվեր կատարող դատավորներին աշխատել այդ բնագավառում: Այ, դա կլինի իրական, իսկական լյուստրացիա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; «Առավոտ» օրաթերթ






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա