01/02/2026

Անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով ԵԱՏՄ անդամ. Լավրովը՝ Հայաստանին

«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մնալու հետ մեկտեղ ԵՄ չափանիշներին անցումը տեխնիկապես անհնար է»։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի 2025 թվականի դիվանագիտական գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները։

«Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության գործունեության սկզբունքներին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ միաժամանակ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ։ Մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բազմիցս բացատրել է սա իր հայ գործընկերոջ հետ շփումներում։ Դա պարզապես տեխնիկապես անհնար է»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովը հիշեցրել է, որ ինքը բազմիցս քննարկել է ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության անդամակցության միջև եղած հարաբերությունները ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևան կատարած այցի ժամանակ։ Ռուսաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է «ոչ միայն այն պատճառով, որ կիրառվում են տարբեր առևտրային և ներդրումային կանոնակարգեր և անհամատեղելի են, այլև այն պատճառով, որ Բրյուսելը համառորեն առաջ է մղում այն գաղափարը, որով ցանկանում է վերափոխել Հայաստանի իրավական շրջանակը՝ համապատասխանեցնելով այն իր սեփական չափանիշներին»։

Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ 2025 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության գործընկերության նոր ռազմավարական օրակարգ։

«Այս ամենը ենթադրում է արտաքին քաղաքականության, առևտրի և տնտեսության համակարգման անհրաժեշտություն։ Հայերին առաջարկվում է վիզային ռեժիմի ազատականացում, բայց դա պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը պետք է ձայն ունենա իրավապահության և սահմանների պաշտպանության հարցերը լուծելու հարցում։ Ակնհայտ է, որ մեր սահմանապահները տեղակայված են Հայաստանում։ Արդեն իսկ հարց է բարձրացվում, թե ինչպես է սա համապատասխանում Երևանի ներկայիս պարտավորություններին:

Հետևաբար ԵՄ անդամակցությանը անցնելը, որի մասին հայտարարվել է, և համապատասխան օրենքներ են ընդունվել, իհարկե, չի կարող համատեղելի լինել Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը պահպանելու հետ։ Եվ եթե Հայաստանը, ինչպես հայտարարել է պարոն Փաշինյանը, համապատասխան որոշումներ է կայացնում և դրանք ընդունում է որպես հայ ժողովրդի կամքի արտահայտություն, դա Հայաստանի, հայ ժողովրդի իրավունքն է»,- եզրափակել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքին։

Գերտերության արտգործնախարարը, որ թվում էր, թե անգամ չպետք է ճանաչի մեկ այլ երկրի համայնքապետներին, ոչ միայն ճանաչում է Վարդան Ղուկասյանին, այլ նաև նրան համարում է քաղբանտարկյալ:

«Մարդուն ձերբակալելը քաղաքական հայացքներ արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, այլ ավելի շուտ ուղղված են նրա արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանը՝ սեփական զարգացման շահերից ելնելով, լուրջ մտահոգություն է առաջացրել»,- ասել է ռուսական դիվանագիտության երկարամյա գլուխը:

Լավրովը նաև նկատել է, թե հույս ունի, որ Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման և խորացման օգտին, չեն ենթարկվի հետապնդումների։

Նկատենք, որ ըստ Հայաստանի իրավապահ մարմինների՝ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է կաշառքի գործով, որի վկայությունները փաստող ձայնագրություններ է հրապարակել Հակակոռուպցիոն կոմիտեն: