Ադրբեջանի ԱԳՆ-ն սոցիալական X հարթակում գրառում է կատարել արտգործնախարար Բայրամովի Պեկին այցի և չինաստանցի պաշտոնակից Վան Ինի կողմից «ջերմ ընդունելության արժանանալու» մասին:
Ընդգծվել է, որ ընթացել են կողմերի «համապարփակ ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան համակողմանի քննարկումներ»: Այլ տեղեկություն պաշտոնական Բաքուն չի հրապարակայնացրել:
Դիտարժան է, որ Բայրամովը Պեկին է գործուղվել Բաքվում Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից անմիջապես հետո, ինչին մոտ մեկ շաբաթ առաջ նախորդել է Իրանի փոխարտգործնախարար Ջալալզադեի Բաքու այցը:
Այս համատեքստում, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի արտգործնախարարը Պեկինում առաջին հերթին քննարկել է Իրանի շուրջ իրավիճակը, որին Չինաստանը ներգրավված է որպես Իսլամական հանրապետության ռազմավարական դաշնակից:
«Չինաստանը ներկայումս շատ լուրջ հետախուզական աջակցություն է ցուցաբերում Իրանին»,- գրել է modern diplomacy-ը, որի տեղեկություններով՝ չինական կողմն Իսլամական հանրապետությանը «տրամադրում է տիեզերական հետախուզության տեղեկություններ»:
Լրատվամիջոցը նշում է, որ Իրանի դեմ անցյալ տարվա իսրայելա-ամերիկյան հարվածներից հետո Պեկինը Թեհրանին մատակարարել է բալիստիկ հրթիռների «կոշտ վառելիքի արտադրության անհրաժեշտ բաղադրիչներ, որպեսզի վերականագնվի նրա ռազմական հզորությունը»:
Միևնույն ժամանակ Չինաստանը Իրանին տրամադրել է «ռադարային համակարգեր, որ կարող են հայտնաբերել իսրայելական F 35 կործանիչները»: Լրատվամիջոցը եզրակացրել է, որ «այդ պատճառով ԱՄՆ-ը երեք անգամ հետաձգել է Իրանի դեմ հարվածը»:
Ըստ աղբյուրի, Չինաստանը ներկայումս սևռված է Իրանի տարածքում «Մոսադի» ստեղծած գործակալական ցանցը «բացահայտելու և չեզոքացնելու նպատակի վրա»: Պեկինում «խիստ մտահոգված են, որ «Մոսադը» կարող է խոչընդոտել Իրանի տարածքով «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախագծի իրականացմանը և համարժեք հակաքայլեր են ձեռնարկում»:
Անցյալ տարի Իրանի Բենդեր-Աբաս նավահանգստում, որ Պարսից ծոցը կապում է Հնդկական օվկիանոսի հետ և տարածաշրջանում բեռնափոխադրումների կարևոր հանգույցներից մեկն է, մի քանի հուժկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մոտ մեկ ամիս ապրանքաշրջանառությունը կանգ է առել:
Իսրայելի և Ադրբեջանի սերտ հարաբերությունները ներառնում են նաև կողմերի հատուկ ծառայությունների համագործակցությունը: Այդ առթիվ իրանա-ադրբեջանական հարաբերություններում պարբերաբար լարվածություններ են ծագում:
Բաքվում Իրանի դեսպանատունը վերջերս Ադրբեջանին հորդորել է «զերծ մնալ տարածաշրջանում լարվածություն սադրելու սիոնիստական ռեժիմի սադրանքներին միանալուց»:
Պեկինից ի՞նչ ուղերձով է վերադարձել Ջեյհուն Բայրամովը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հունվարի 29-ին հայտարարել է, որ երկրի «Իրանի և ցանկացած այլ պետության դեմ հարվածի նպատակով երկրի ցամաքային և օդային տարածքի օգտագործումը բացառվում է»:
Եթե ֆորս-մաժորը վրա հասնի, Ալիևը կպահպանի՞ խոստումը:






Բաց մի թողեք
Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ
Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Լավրովը՝ Իրանի շուրջ իրավիճակի լիցքաթափման հարցում Թուրքիայի հետ խորհրդատվությունների մասին