«Ես նաև քնում եմ, հաց եմ ուտում, երեխաներիս հետ հեռախոսով եմ շփվում, երբեմն պարում եմ, որը անում եմ աշխատանքից դուրս երեկոյան ժամերին»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով ՔՊ ֆլեշմոբին միանալու և իր պարելու մասին:
«Երկար ու բարդ աշխատանքի հետ նախարարը ունի կյանք, մարդը ծանր աշխատանքից հետո պետք է ունենա նաև այլ հետաքրքրություններ՝ պարի, երգի, շփվի:
Մի քանի օր առաջ Թագուհի Ղազարյանի մոտ հարցազրույցի էինք և քննարկում էինք, քննարկման ժամանակ միտք ծագեց, քանի-որ երգելու կամ նվագելու շնորհք չունեմ, պարի համար դնենք․ դա իմ նախաձեռնությունն էր:
Կատարում շատ մեծ է հնչում, դա պար է, որը երիտասարդների հետ կբեմադրենք 1 օրում»,- նշել է նախարարը:
Բանն այն է, որ «Հրապարակը» գրել է, որ Նիկոլ Փաշինյանը տարածել է ֆլեշմոբի տեսանյութ, որտեղ պարում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Եթե սա տեղի ունենար նորմալ պետությունում, արձագանքը կլիներ պարզ՝ պաշտոնյան ուրախ է, պարում է, թող պարի։
Բայց սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ «պետություն» հասկացությունը վաղուց կախված է հակառակորդի ախորժակից, իսկ «իրական Հայաստան» հասկացությունը՝ Փաշինյանի հերթական քաղաքական հարմարեցումից։
Այստեղ պարը դառնում է խորհրդանիշ՝
Ոչ թե ուրախության, այլ հնազանդության։
Ոչ թե մշակույթի, այլ քարոզչության։
Ոչ թե ազատության, այլ քաղաքական թմբուկի տակ շարժվելու։
Քանի որ սա ֆլեշմոբ է, սա շարունակություն է ունենալու։ Պարելու են բոլորը։ ՔՊ-ի նախկին խրոխտ պարերը հիշու՞մ եք՝ վեր-վեր թռչող «հեղափոխական» էյֆորիան, որն ավարտվեց տարածքային կորուստներով ու անվերջ «խաղաղության» մուրացկանությամբ։
Խնկո Ապոր լեզվով ասած՝
Պարու՞մ էիր, շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա՝ դու պարի։
Եվ հենց այդ է լինելու ՔՊ-ի ճակատագիրը՝ քամու ծափի տակ պարել, մինչև քամին իր հետ տանի ոչ միայն իշխանությունը, այլ ամբողջ ժողովրդի ապագան։
Ֆլեշմոբի հաջորդ պարողն ո՞վ է լինելու՝ ոչ մեկին չի հետաքրքրում։ Որովհետև այսօր բոլորը պարում են Նիկոլի թմբուկի տակ։ Հարցն արդեն ոչ թե այն է, թե ով է պարում, այլ՝ ինչի համար են մեզ «պարեցնում»։
Պարի իմաստը պարզ է․ ստեղծել պատրանք, որ խաղաղություն կա, կյանքը ուրախ է, իսկ իշխանությունը՝ փրկիչ։
Սա նախընտրական ներկայացում է։ ՔՊ-ն պետք է պարի, որպեսզի մենք հավատանք, թե խաղաղությունը եկել է։ Որպեսզի մոռանանք՝ ինչ է հանձնվել, ինչ է կորսվել, և ինչն է դեռ հանձնվելու։ Քանի որ ֆլեշմոբ է, Անոյից հետո ՊՆ Սուրոն է պարելու։ Որ երկիրը այդպես խաղաղ պահում է։
Սա զվարճանք չէ։ Սա քաղաքական թատրոն է, որտեղ ժողովրդին դարձրել են ֆոնային պարող։






Բաց մի թողեք
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի
Փետրվարի 1-ի աստղագուշակ․ Ընտանիքի անդամներին կարող է պետք գալ ձեր աջակցությունը