31/12/2025

Եվ իմաստություն՝ նոր ժամանակների մեջ քայլելիս․ Շնորհավոր Նոր տարի

Նոր տարին գալիս է լուռ քայլերով՝ ինչպես աղոթք, և մենք նրան դիմավորում ենք պետական հիշողությամբ, հոգևոր կանգունությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։

Թող 2026 թ․ նոր տարին դառնա այն կամուրջը, որով Հայաստանը արժանապատվորեն ու խաղաղ մտնի Եվրոպական Միության ընտանիք՝ ոչ թե որպես մոռացվող անցյալ ունեցող երկիր, այլ որպես մշակույթ կրող, հավատքով ամուր, անկախ պետականությամբ գիտակից ժողովուրդ։

Թող մեր պետականությունը լինի ոչ միայն սահման ու դրոշ, այլ արդարություն, օրենք, մարդասիրություն։ Թող Եվրոպան մեզ ճանաչի ոչ միայն քարտեզի վրա, այլ մեր մշակույթի խորությամբ, երաժշտությամբ, թատրոնով, կինոյով ու գրով, Հայ առաքելական եկեղեցու զանգի հնչյունով և հայ ժողովրդի ազատ մարդ լինելու կամքով։

Թող սերը դառնա հասարակական լեզու, խաղաղությունը՝ ոչ թե երազ, այլ քաղաքական կամք, հաջողությունը՝ ոչ թե պատահականություն, այլ հետևողական աշխատանք։
Թող հավատքը չլինի միայն ավանդույթ, այլ լույս՝ ժամանակակից աշխարհի մթության մեջ։

Եվ թող Հայ առաքելական եկեղեցին շարունակի մնալ իշխանությունների կողմից ոչ բաժանարար, այլ խղճի հիշեցում, ոչ անցյալի արձագանք, այլ ներկայի պատասխանատվություն։

Նոր տարին թող բացի մի դուռ, որտեղ Հայաստանը կլինի ինքն իրեն հավատարիմ, արժանապատվություն ունեցող երկիր, հայրենիք ու Հանրապետություն, իսկ Եվրոպայի հետ՝ արժանապատիվ գործընկեր։

Թող իմ հինգ երեխաները ապրեն՝ լինեն Հայաստանում, թե Բելգիա – Չեխիայում, որտեղ հայրենիքը բեռ չէ, այլ հնարավորություն, որտեղ կրթությունը արժեք է, ազատությունը՝ պաշտպանված, իսկ ճշմարտությունը՝ չվախեցող։

Թող իմ թոռնիկները մեծանան խաղաղ երկնքի տակ, առանց պատերազմի լեզու սովորելու, առանց վախը որպես նորմ ընդունելու, և Հայաստանի Հանրապետությունը նրանց համար լինի արժանապատիվ պետություն ու մնայուն հայրենիք։

Թող մեր ընտանեկան համերաշխությունը լինի առողջ, լուսավոր, և միշտ զգա, որ սերը դեռևս աշխարհի ամենահուսալի քաղաքականությունն է։ Թող մեր ընտանիքը մնա ամուր ինչպես եկեղեցու քարերը, և ջերմ՝ ինչպես աղոթքի ներսը։

Թող մեր պետականությունը լինի ոչ միայն սահման ու դրոշ,
այլ արդարություն, օրենք, մարդասիրություն։

Եվ այստեղ՝ այս Նոր տարվա շեմին, խոսք ունեմ նաև իշխանություններին։ Թող նրանք հիշեն, որ իշխանությունը պարգև չէ, այլ ծանր պարտականություն, որ ժողովուրդը վիճակագրություն չէ, իսկ պետականությունն ու Հայ առաքելական եկեղեցին՝ փորձադաշտ։ Թող սթափությունը հաղթի ինքնավստահությանը, խիղճը՝ հաշվարկին, և պատասխանատվությունը՝ ժամանակ շահելուն։ Որովհետև պետություն կառուցվում է ոչ թե խոստումներով, այլ ճշմարտությամբ։

Խաղաղություն մեր երկրին։

Սեր մեր ժողովրդին։

Հավատք մեր ճանապարհին։

Եվ իմաստություն՝ նոր ժամանակների մեջ քայլելիս։

Շնորհավոր Նոր տարի։

ՄԻՏՔ.am – Սիմոն Սարգսյան