Իսրայելական մամուլը, հղելով Բեյրութի «վստահելի աղբյուրներին», հայտնել է Լիբանանում խիստ ուշագրավ ներքին խմորումների մասին, որոնց կիզակետում «շիադավան համայնքի առաջնորդի տեղի համար սուր մրցակցությունն է»:
Լիբանանում միջէթնիկական և կրոնական համերաշխության անհրաժեշտությունից ելենելով՝ խորհրդարանի խոսանակի պաշտոնը վերապահված է շիադավան համայնքին: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Նաբիհ Բերին, ով արդեն ութսունութ տարեկան է, բայց «համաձայնեցված իրավահաջորդ դեռևս չունի»:
Այս համատեքստում, ինչպես լիբանանյան քաղաքական վերնախավին մոտ կանգնած աղբյուրներն են ասել, քննարկվում է այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները երկու տարով հետաձգելու տարբերակը:
Համարվում է, որ դա բավարար ժամանակահատված է, որպեսզի «Ամալ» շիադավան շարժման առաջնորդ Բերին իրավահաջորդի հարցում կողմնորոշվի: Տեղեկություններ կան, որ այդ պաշտոնի համար քննարկվում է երկու՝ Ահմադ Բաալբաքիի և Ալի Հասան Խալիլի, թեկնածությունը: Վերջինս Բերիի քաղաքական հարցերով օգնականն է:
Խնդիրը բարդ է այնքանով, որ Լիբանանի շիադավան համայնքը քաղաքական աչքի ընկած երկու կազմակերպություն ունի՝ «Ամալ» և «Հըզբալա»:
Եվ եթե առաջինը որդեգրել է «պրագմատիկ ուղեգիծ» և հանդես է գալիս Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնությունները կատարելու, երկրի հարավում օրինական սահմանազատում իրականացնելու և ոչ կառավարական խմնավորումները զինաթափելու օգտին, «Հըզբալան», ընդհակառակը, վճռականորեն մերժում է նույնիսկ իր տրամադրության տակ գտնվող ծանր սպառազինությունները լիբանանյան կանոնավոր բանակին հանձնելու առաջարկությունը:
«Հըզբալան» վերջերս ծանր կորուստ է կրել, իսրայելական հատուկ գործողության հետևանքով Բեյրություն սպանվել է կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալան: Նրան փոխարինած Նայիմ Քասեմին նույն հեղինակությունը չունի, բայց արտաքին քաղաքական հարցերում պահպանում է կոշտ հռետորաբանությունը և հանդես է գալիս Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ «սրաբազան պատերազմը շարունակելու» դիրքերից:
Հունվարի 27-ին նա Դոնալդ Թրամփին սպառնացել է «արդարացի հաշվեհարդարով», եթե վերջինս Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիին «սպանելու հրաման արձակի»:
Իսրակելական լրատվամիջոցների տեղեկացվածությամբ՝ Լիբանանի շիադավան երկու կառույցների միջև մրցակցության համատեքստում խորհրդարանի գործող խոսնակ Բերին «իր մերձավոր շրջապատի վստահելի անձանց միջոցով Թեհրանի հետ երկխոսություն է նախաձեռնել անցյալ տարվա աշնանը»:
Այդ քննարկումները «շարունակվել են նաև Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի Բեյրութ այցի ընթացքում»: Մանրմասնություններ հայտնի չեն, բայց իսրայելցի փորձագետները կարծում են, որ Լիբանանի նախագահ Աունը «պաշտպանում է Արևմուտքի հետ կապերը խորացնելու ուղեգիծը»:
Լիբանանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները կարևոր են ոչ միայն ընդհանուր առմամբ՝ որպես մերձավորարեւելյան վերադասավորումների բաղկացուցիչ և դրանով իսկ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող, այլև նրանով, որ լիբանանահայությունը նույնպես որոշակի դերակատար է:
Ուշագրավ է, որ Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը, գործում է Լիբանանում, և Արամ Ա. կաթողիկոսը լիբանանյան քաղաքական կյանքում ազդեցություն ունի: Ի՞նչ ընտրություն կկատարի լիբանանահայությունը:






Բաց մի թողեք
Մարկ Ռուտտեն պետք է դադարի լինել «ամերիկյան գործակալ» և միավորի ՆԱՏՕ-ն. Շառլ Միշել. Տեսանյութ
Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար
Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի ժողովուրդները կարո՞ղ են իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը