19/01/2026

Կհաջողվի՞ հասնել իրական կարգավորման Գազայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հրապարակել է Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը, որ կգլխավորի ինքը:

«Խորհրդի» կազմում ընդգրկված են պետքարտուղար Ռուբիոն, Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը, Թրամփի փեսա Ջերադ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, հրեական ծագումով ամերիկյան միլիարդատեր Մարկ Ռոուենը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը:

Իսրայելական vesty-ի տեղեկացվածությամբ, ստեղծվել է նաև «Խաղաղության խորհրդի» գործադիր մարմին, որի կազմում ընդգրկվում են Ուիթկոֆը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը, Կատարի բարձրաստիճան ներկայացուցիչ ալ-Թավադին, Եգիպտոսի հետախուզության պետ Հասան Ռաշիդը, Թոնի Բլերը, Արաբական միացյալ էմիրությունների նախարար ալ-Հաշիմին, Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարար Մլադենովը, իսրայելա-կիպրոսյան ձեռներեց Գաբայը և ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սիգրիդ Կաագը:

Ըստ տեղեկությունների, «Խաղաղության խորհուրդը» պետք է Գազայի կարգավորման Թրամփի ծրագրի երկրորդ փուլի իրականացման «ընդհանուր հսկողություն իրականացնի» և ըստ անհրաժեշտության «միջազգային ռեսուրսներ ներգրավի»:

Իրավիճակի կառավարման ուղղակի պատասխանատվությունը վերապահվում է «Գործադիր խորհրդին», որ պետք է առաջին հերթին հասնի ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը:

«Միջազգային կայունացնող ուժերի» հրամանատար է նշանակվել ամերիկացի գեներալ Ջեֆերսը, թեև առայժմ որևէ երկիր իր ԶՈՒ մասնակցությունը պաշտոնապես չի հաստատել:

Ստեղծվել է նաև Գազայի կառավարման «տեխնիկական կառավարություն», որը կգլխավորի Պաղեստինի ազգային կառավարության նախկին փոխվարչապետ Ալի Շաաթը: Սպիտակ տունը նրան բնութագրել է որպես «հոյակապ տեխնոկրատի»:

Այդ թեկնածությունը պաշտպանել է նաև Իսրայելը: Երուսաղեմում Շաաթին համարում են «ծայրահեղականությունից հեռու» անձնավորություն:

Առայժմ պարզ չէ, թե «Խաղաղության խորհրդի» գործադիր մարմինը Գազայում նստավայր ունենալո՞ւ է, թե իրավիճակը հսկելու է հեռավա՞ր: Սպիտակ տունը հայտնել է, որ Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարար Մլադենովը նշանակվում է «Խաղաղության խորհրդի» Բարձր ներկայացուցիչ:

Փաստացի նրան տրվում է ԱՄՆ նախագահի անմիջական հսկողությամբ «գետնի վրա որոշումներ կայացնելու» լիազորություն: Արաբական աղբյուրները հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ը «համաձայնել է իշխանությունը հանձնել» Գազայի «տեխնոկրատական կառավարությանը»:

Գազայի կարգավորման գործընթացի փորձաքարը ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և անկլավից իսրայելական զորքերի դուրսբերումն է: Կհաջողվի՞ հասնել իրական կարգավորման: