2025 թվականի հոկտեմբերին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին նշանակել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 22-ին հայտարարել էր, որ Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի լիազորությունները կասեցվել են՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված քրեական վարույթի շրջանակներում նրան առաջադրված մեղադրանքները։
Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում, հիշեցնենք, նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը եւ բուհի մի շարք այլ աշխատակիցներ։
Նրանց մեղադրանք էր առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու եւ կաշառք ստանալու հոդվածներով: Դատարանի որոշմամբ՝ Սրբուհի Գեւորգյանի եւ պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց էին կիրառվել տնային կալանքը եւ գրավը։
Այժմ բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված նորաթուխ ԺՊ-ն, որը պրոֆեսորադասախոսական կազմի մոտ հայտնի է իր թրքամետ հայացքներով, որոշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աչքին թոզ փչել, իբրև թե ինքը պայքարում է կոռուպցիայի դեմ։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն օրերս աշխատանքային հանդիպում է ունեցել «Բարեվարքություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Նարինե Ավետիսյանի և Լիլիթ Մաթևոսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է բուհում բարեվարքության և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրմանը միտված ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը։ Կարևորվել է իբրև բարեվարքության զարգացման գործողությունների պլանը՝ Էթիկայի հանձնաժողովի նոր աշխատակարգի մշակում, հանձնաժողովի ստեղծում, մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների անցկացում, կրթական ծրագրերում համապատասխան առարկայական մոդուլների լրամշակում, վարքականոնների նախագծի մշակում, ներքին ազդարարման գործուն համակարգերի ներդրում և այլն։
Քննարկմանը ներկա են եղել նաև բուհի Ուսումնական գործընթացների հարցերով և Գիտական գծով պրոռեկտորներ Նաիրա Սաֆարյանը, Մարիամ Իսպիրյանը, Գիտական քարտուղար Հակոբ Թադևոսյանը։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորել է կառույցի հետ համագործակցությունն ու առաջակցությունը մանկավարժական բուհին՝ ընդգծելով, որ ուսուցիչների պատրաստման գործում ակադեմիական ազնվությունն ու էթիկան որակյալ կրթության հիմնասյուներն են։
Համալսարանական միջավայրում կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության մշակույթի ձևավորման առումով կողմերը կարևորել են թեմայի վերաբերյալ իրազեկման աշխատանքները։
Հանդիպման ավարտին հուշագիր կնքելու համաձայնություն է ձեռքբերվել։







Բաց մի թողեք
Էրզրումի երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը կքանդվի. Լուսանկար
Սամվել Ալեքսանյանի ընկերությունն ու Ժաննա Անդրեասյանը հուշագիր են ստորագրել․ Լուսանկար
Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը