31/01/2026

Մանրամասներ առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգից

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջապահական համընդհանուր ապահովագրության փաթեթում տարեկան ֆինանսական առավելագույն սահմանաչափ նախատեսված չէ։

Այսինքն՝ մեկ անձի բուժսպասարկման համար տարվա ընթացքում ծախսվող գումարի վերին շեմ չի սահմանվում։ Այս մասին նախարարը խոսել է Ազգային ժողովում կայացած աշխատանքային քննարկման ընթացքում, որը նվիրված էր համակարգի գործարկման ընթացքին։

Նրա խոսքով՝ ապահովագրության շրջանակում չկա նաև ընդհանուր քանակային սահմանափակում ծառայություններից օգտվելու համար, սակայն յուրաքանչյուր առանձին բժշկական ծառայության դեպքում գործում են հստակ շեմեր։ Որպես օրինակ Ավանեսյանը նշել է, որ արտահիվանդանոցային պայմաններում տարվա ընթացքում փոխհատուցվում է ՄՌՏ հետազոտության երկու դեպք, իսկ դրանից ավելին արդեն չի ներառվում ապահովագրական փաթեթում։

Սահմանափակումներ կան նաև նեղ մասնագետների խորհրդատվությունների մասով․ նախատեսվում է տարեկան երկու խորհրդատվության փոխհատուցում։ Նախարարը ընդգծել է, որ յուրաքանչյուր ծառայության համար սահմանված են ինչպես քանակական շեմեր, այնպես էլ առավելագույն փոխհատուցման գներ, և այդ սահմաններից բարձր արժեքները ապահովագրության շրջանակում չեն փոխհատուցվում։