01/02/2026

Միացյալ Նահանգներն Իրանում «ռեժիմի տապալման» գործում կարող է Ալիևի կարիքն ունենալ

Տարեմուտին ամերիկյան «ռազմա-խորհրդարանական» պատվիրակություն է այցելել Բաքու, որի կազմում ընդգրկված էր ԱՄՆ ՍԵնատի պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ Միլինը:

Պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այցելել պաշտպանության նախարարություն: Ադրբեջանական մամուլի տեղեկություններով՝ քննարկվել են տնտեսական, ռազմաարդյունաբերական, գիտա-տեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Ընդհանուր բնույթի ձևակերպումներից զատ, ադրբեջանական լրատվամիջոցները կարևորել են «Ազատության աջակցության Ակտի» 907-րդ ուղղումը «չեղյալ հայտարարելու շուրջ քաղաքական կամքի առկայությունը»:

Անցյալ տարեվերջին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինո Լունան օրինագիծ է հեղինակել, որ նախատեսում է լիովին չեղյալ ճանաչել «Ադրբեջանի նկատմամբ խտրական ուղղումը»: Ըստ տեղեկությունների, օրինագիծը տեղադրվել է Ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքում:

Ադրբեջանական minval politika-ն, որ գերազանցապես իշխանության տեսակետն է ներկայացնում, գտնում է, որ այդ օրինագիծն «անպայման կքննարկվի», բայց և համոզված է, որ «Ադրբեջանի նկատմամբ խտրականությունը վերացնելու համար տևական ժամանակ և հետևողական ջանքեր են պետք»:

Լրատվամիջոցի կարծիքով, «չի կարելի բավարարվել ուղղումը ժամանակավորապես կասեցնելու մասին ԱՄՆ գործադիր իշխանության որոշումներով, քանի որ դա նշանակում է, որ Ադրբեջանը սխալ է, բայց ԱՄՆ նախագահը դրա հանդեպ ժամանակավորապես աչք է փակում»:

«Ազատության աջակցության Ակտի» 907-րդ ուղղումը Միացյալ Նահանգների կողմից ղարաբաղյան հակամարտությանը տված իրավական հստակ գնահատական է և սահմանում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ է սկսել ու Հայաստանին շրջափակման ենթարկել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, պարզվում է, Ալիևին չի բավարարում: ԱՄՆ օրենքը գործում է և աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում կարող է նրան «անհարմարություններ պատճառել»: Ըստ երևույթին, այդ օրենքն Ալիևին «խանգարում է» նաև հաղորդուղիների բացման հարցում:

Ամերիկյան «ռազմա-խորհրդարանական» պատվիրակությունը Բաքու է այցելել Իրանում իրավիճակի կտրուկ սրացման ֆոնին: «Ազատության աջակցության Ակտի» 907-րդ ուղղման գործողությունը ժամանակավորապես առաջին անգամ կասեցվել է 2001թ.-ին, երբ Աֆղանստանում զորքերի ապահովության համար ԱՄՆ-ը օգտագործել է Ադրբեջանի օդանավակայանները:

Ներկայումս, ինչպես հասկացվում է, Միացյալ Նահանգներն Իրանում «ռեժիմի տապալման» շահագրգիռ կողմ են և, ամենայն հավանականությամբ, դարձյալ կարող է Ալիևի կարիքն ունենալ: