Ընդդիմադիր քարոզչությունը հնարավոր բոլոր խողովակներով տարածում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը «բաց հայտարարել է ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցության մասին, բայց ոչ ոք դա Հայաստանի ներքին գործերին միջամտություն կամ նրա դեմ հիբրիդային պատերազմ չի անվանում, բողոքի ձայներ չեն լսվում»:
Նախ, Ֆիդանի ասածն, իրոք, շատ պարզ է: Նա ներկայացրել է իր երկրի գնահատականը, որ հանրային հարցման արդյունքներով Փաշինյանն առաջատար է, մինչ այդ արձանագրել է, որ Հայաստանի վարչապետը տարածաշրջանում կայունության և համագործակցության ուղեգիծ է իրականացնում եւ ամփոփել, որ այդ գործընթացին Թուրքիան «անկեղծորեն աջակցում է»:
Հայաստանի ընդդիմությունն, այսպիսով, Փաշինյանին անտրամաբանական մեղադրանք է ներկայացնում: Նա ինչո՞ւ պիտի Ֆիդանին քննադատի կամ մեղադրի, եթե ինքը չի թաքցնում, որ որդեգրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով փաստացի խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու, տարածաշրջանում կայունության և համագործակցության հասնելու քաղաքականություն և ընտրությունների է գնում այդ պլատֆորմով:
Այս տրամաբանությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարին պետք է քննադատի կամ մեղադրի ընդդիմությունը, քանի որ ինքն է մերժում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական կարգավորումը, նա է Հայաստանի ապագան տեսնում «ընդմիշտ Ռուսաստանի հետ նույն ծիրի մեջ»:
Ֆիդանի մամուլի ասուլիսից անցել է երեք օր, բայց Հայաստանի ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմության որևէ կուսակցություն այդ առթիվ պաշտոնական գնահատական դեռեւս չի հնչեցրել: Առանձին պատգամավորի, կուսակցության ղեկավար մարմնի անդամի հարցազրույցը, ֆեյսբուքյան գրառումը քաղաքական է, բայց՝ ոչ պաշտոնական:
Կուսակցությունը շատ հանգիստ կարող է ասել, որ պատգամավորը «մասնավոր կարծիք է հայտնել»: Հարցի վերաբերյալ հայտարարություն չեն արել նույնիսկ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
Նույն քաղաքական ինստիտուտներից ոչ մի ընդհանրական տեսակետ չի հնչել նաև հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Ռուբիո-Միրզոյան հանդիպման և հրապարակված «մտադրությունների մասին արձանագրության» վերաբերյալ:
Ի՞նչ է հետևում այս իրողությունից: Հայաստանյան ինստիտուցիոնալ ընդդիմությունը «վախենո՞ւմ է» Թուրքիայից և Ադրբեջանից, թե առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքո՞վ: Շատ ցանկալի կլիներ, որ գործ ունենայինք երկրորդ դիրքորոշման հետ:
Դիվանագետներն ասում են, «պետք է ուշադրություն դարձնել ոչ թե ասածներին, այլ՝ կոնկրետ քայլերին»: Գուցե դա նաեւ ներքաղաքական կյանքո՞ւմ է ակտուալ:






Բաց մի թողեք
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կլուծարվի՞»
Ալիևը հասնում է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, չի ունեցել
Էրդողանին ոչ թե Ալիևը, այլ Պուտինն է փրկել