Տարեսկզբից արաբական աղբյուրները հայտնել են, որ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը «Ռամալայի մասնավոր հիվանդանոցներից մեկում հոսպիտալացվել է»:
Պաղեստինյան կողմը հերքել է Աբասի «առողջական վիճակի կտրուկ վատթանալու» տեղեկությունը, բայց հաստատել է, որ «Պաղեստինի նախագահը հերթական ծրագրային բուժզննում է անցնում»:
Մահմուդ Աբասի առողջական վիճակը Գազայի շուրջ իրավիճակի համատեքստում քաղաքական կարեւորություն ունի:
Հունվարի 14-ին Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ է լինելու Գազայում կարգավորման երկրորդ փուլով նախատեսված խնդիրների լուծմանը:
Ուիթկոֆը դիմել է ՀԱՄԱՍ-ին և հորդորել, որպեսզի կատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Գազայում բոլոր «չլիազորված կառույցները կզինաթափվեն»:
Ուիթկոֆը հայտնել է, որ արդեն ձևավորվել է «Գազայի կառավարման տեխնոկրատ մարմին», որը պետք է ապահովի բնակչության կենսագործունեությունը և զբաղվի վերականգնողական աշխատանքներով:
Այդ նպատակի համար «Գազայի կառավարման ազգային կոմիտեն» կստանա միջազգային լայն աջակցություն: Գազայի վերականգնմանը, որքան էլ արտառոց չհնչի, ֆինանսական աջակցություն կցուցաբերի նաև Իսրայելը:
«Եդիոտ ահրոնոտն» այդ առթիվ ուշագրավ տեղեկություն է հայտնել: Պարբերականի մեկնաբանը կառավարության ներկայացուցիչներից մեկին հարցրել է, թե ի՞նչ կարծիք ունի «Գազայի կառավարման ազգային կոմիտե» ստեղծելու հարցում և ստացել պատասխան, որ այդ կառույցում ընդգրկված «բոլոր անձինք Իսրայելին ծանոթ են, հանդիսանում են ՖԱԹՀ կուսակցության անդամներ և որևէ ծայրահեղական հայացքներ չունեն»:
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը ՖԱԹՀ կուսակցության ներկայացուցիչ է: Ըստ էության, Միացյալ Նահանգները Գազայում ստեղծում է «տեխնոկրատ կառավարություն», որտեղ ՀԱՄԱՍ-ը ներկայություն չի ունենա: ԱՄՆ-ը «չլիազորված կառույցների» զինաթափման հարցն ինչպե՞ս է լուծելու՝ մնում է անորոշ:
Մեծ է հավանականությունը, որ Նաթանյահուն Գազայի կարգավորման երկրորդ փուլի մեկնարկին համաձայնել է այն հաշվարկով, որ ՀԱՄԱՍ-ը կհրաժարվի զինաթափվել, ամերիկյան ծրագիրը կփլուզվի և տեղաշրջանում կայունության ապահովումը վերստին կանցնի Իսրայելին:
Բացառված չէ, որ Գազայում կարող է միջպաղեստինյան պատերազմ սկսվել, որովհետև ՀԱՄԱՍ-ը և ՖԱԹՀ-ը միմյանց չեն ճանաչում որպես Պաղեստինի ժողովրդի օրինական ներկայացուցիչ: Իսրայելի գերխնդիրը Պաղեստինի անկախ պետության ծրագրի տապալումն է, մի նպատակ, որին պաշտոնական Երուսաղեմը կարող է հասնել պաղեստինյան տարբեր խմբավորումներին մեկը մյուսի դեմ լարելու և միջկլանային հաշվեհարդարներ հրահրելու ճանապարհով:
Այս ֆոնին The Telegraph-ին հղելով՝ իսրայելական ռուսալեզու vesty-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահը «քննարկում է Իրանի դեմ գործողության չորս տարբերակ, որից երրորդը հոգևոր առաջնորդ Խամենիի սպանությունն է»:
Ըստ բրիտանական պարբերականի, Վաշինգտոնում «կարծում են, որ այդ դեպքում իշխանությունը բարեփոխականներին փոխանցելը հեշտ կլինի»:






Բաց մի թողեք
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կլուծարվի՞»
Ալիևը հասնում է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, չի ունեցել
Էրդողանին ոչ թե Ալիևը, այլ Պուտինն է փրկել