01/02/2026

«Ասիական ՆԱՏՕ» կստեղծվի՞. Ի՞նչ են այդ մասին մտածում Հայաստանում

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ընդունել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին: Այդ մասին հայտնել են ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները՝ հղում անելով Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան տարածած պաշտոնական հաղորդագրությանը:

Խալաֆովը բանակցություններ է վարել նաև Պակիստանի արտաքին գործերի նախարար Դարի հետ: Քննարկվել են երկու երկրների միջև բազմակողմ, այդ թվում՝ «պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հետ կապված հարցեր»:

Պաշտոնական տեղեկատվությունը նաեւ փոխանցել է, որ կողմերը հատուկ ընդգծել են «բարեկամական և եղբայրական երկրների արդարացի դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային բոլոր հարթակներում ակտիվորեն և փոխադարձաբար պաշտպանելու» կարևորությունը, քննարկվել է Ասիայում փոխգոծակցության և վստահության միջոցների խորհրդաժողովում Ադրբեջանի նախագահության օրակարգից բխող հարցերի շրջանակ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Խորհրդաժողովը միջազգային կազմակերպության վերափոխելու անհրաժեշտությանը»:

Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդաժողովը գումարվել է 2002թ.-ին՝ Ղազախստանի նախագահ Նազարբաևի գլխավորությամբ: Խորհրդաժողովի անդամ են Ադրբեջանը, Աֆղանստանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Կամբոջան, Չինաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Հորդանանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Պակիստանը, Պաղեստինը, Կատարը, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Շրի-Լանկան, Տաջիկստանը, Թայլանդը, Թուրքիան, Արաբական միացյալ էմիրությունները, Ուզբեկստանը և Վիետնամը, իսկ դիտորդ անդամ՝ ԱՄՆ-ը, Ճապոնիան, Ինդոնեզիան, Ուկրաինան:

Հարց է, թե Հայաստանն ինչո՞ւ Խորհրդաժողովին չի մասնակցել, կազմակերպիչներից հրավեր չի՞ ստացել, թե բավարարվել է այդ կառույցին «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի մասնակցությամբ և իր շահերի պաշտպանությունը և փոխգործակցության իրավունքները պատվիրակե՞լ նրան:

Բայց այս փուլում ավելի կարևոր է արձանագրել Խորհրդաժողովը միջազգային կազմակերպության վերափոխելու Ադրբեջանի նպատակադրվածությունը և փորձել հասկանալ՝ դա Իլհամ Ալիևի անձնական նախաձեռնությո՞ւնն է, թե՞ նա առաջ է մղում աշխարհաքաղաքական կարևորության նախագիծ, որի թիկունքում ավելի հեղինակավոր ուժ կա:

Այս առումով, երևի, ուղենշային կարելի է համարել Ուզբեկստանի նախագահ Միրզիեևի գնահատականը, որ նա օրերս հնչեցրել է Անկարայում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո. «Թուրքիան վերածվել է միջազգային քաղաքականության ուժային ինքնուրույն կենտրոնի»:

Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդաժողովի անդամ բոլոր երկրները հազիվ թե միավորվեն և միջազգային նոր կազմակերպություն հիմնադրեն, բայց տարածաշրջանային կառույց ստեղծելու հավանականությունը, կարծես, առարկայական է:

Մանավանդ որ Խորհրդաժողովն ունի քարտուղարություն, որ գործում է Աստանայում: «Ասիական ՆԱՏՕ» կստեղծվի՞: Հայաստանը նման հեռանկար դիտարկո՞ւմ է: