19/01/2026

Աստանայում Ալիևի «հավատարմությանը կասկածում են», Ռուսաստանից վտանգի դեպքում կարո՞ղ են «ապավինել Ադրբեջանի օգնությանը»

Բաքվում Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելը հանդիպել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Ուշագրավ է, որ քննարկումների ընթացքում Ղազախստանի դեսպանը կարևորել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին իր երկրի ներգրավվածությունը և հիշեցրել, որ 2024թ.-ին Աստանան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների հարթակ է ապահովել:

Նա առանձնահատուկ ընդգծել է Վաշինգտոնում անցյալ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի ներկայությամբ «ստորագրված հռչակագրի պատմական նշանակությունը»:

Դեսպան Բայելը «պատահական» չի համարել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան մուտքի թույլտվություն «ստացած առաջին բեռը ղազախստանյան ցորենն էր»:

Բաքվում Ղազախստանի դեսպանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնականի հանդիպումը տեղի է ունեցել մի փուլում, երբ Կենտրոնական Ասիայի երկու առաջատար երկրների՝ Ղազախստանի և Ուզբեկստանի, նախագահները տարածաշրջանի անվտանգության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել և պատկան մարմիններին տվել բանակի մարտունակությունը բարձրացնելու հանձնարարականներ:

Այս առումով դիտարժան է ղազախստանյան altyn- orda կայքի ընդարձակ վերլուծականը, որ շոշափում է Կենտրոնական Ասիայում «անվտանգության միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտության» հարցը:

Հեղինակը գնահատում է, որ տարածաշրջանի երկրների ռազմա-քաղաքական ինտեգրացիան «այլընտրանք չունի» և դիտարկում, որ այդ ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ունի ոչ միայն Թուրքիան, այլև՝ Չինաստանը:

Ղազախստանյան լրատվամիջոցի ներկայացմամբ՝ «խոսքը ոչ թե ռազմական կոշտ դաշինքի, այլ տարածաշրջանի երկրների շահերի միասնականացման և անվտանգային հարցերում փոխլրացման քաղաքականություն վարելու մասին է»:

Նման դեպքերում, իհարկե, ամեն ինչ չէ, որ հրապարակայնացվում է, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ դիտարկումներն արվում են Կենտրոնական Ասիայում «հատուկ ռազմական գործողության ահնրաժեշտության» մասին կրեմլյան քարոզչության ֆոնին:

Այդ իմաստով Բաքվում Ղազախստանի դեսպանի կողմից հայ-ադրբեջանական կարգավորմանն իր երկրի ունեցած ներդրման հիշատակումը, կարծես, Հայաստանի և Ադրբեջանի միջև ինստիտուցիոնալ խաղաղության և համագործակցության հասնելուն Աստանայի մասնակցության պատրաստակամության հավաստիացում է:

Դժվար է կանխատեսել, թե Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի նկատմամբ ինչ որոշումներ կընդունի: Դեսպան Բայելը հիշեցրել է, որ նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի նախաձեռնությամբ Ադրբեջանը ներգրավվել է Կենտրոնական Ասիայի ինտեգրմանը:

Կարելի՞ է ենթադրել, որ Աստանայում Ալիևի «հավատարմությանը կասկածում են», և դեսպանի միջոցով փորձել են հասկանալ, թե Ռուսաստանից վտանգի դեպքում կարո՞ղ են «ապավինել Ադրբեջանի օգնությանը»: Հունվարի 5-ի հարցազրույցում Ալիևն ասել է, որ պաղեստինյան խնդիրը «պետք է կարգավորեն արաբական երկրները»: Ենթադրյալ ֆորս-մաժորի դեպքում նա նույնը կասի նաև Կենտրոնական Ասիայի երկրների՞ն: