20/01/2026

Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 11-ամյա երեխան «Տիր» հրացանով կրակել է հորեղբոր որդու ճակատին

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում երեխաների հետ խաղալիս, պատահաբար ճակատին հարված ստանալու հետևանքով «ճակատի պատռած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ ծնողի կողմից «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 8-ամյա Դ․ Ա․-ն է, ում առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ գյուղերից մեկում Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․Ա․-ն խաղալու ժամանակ հոր մահճակալի տակից վերցրել է նրան պատկանող «Տիր» տիպի հրացանը, լիցքավորել և կրակել, ինչի հետևանքով գնդակը պատահաբար դիպել է Ա․Ա․-ի հորեղբոր որդու Դ․Ա․-ի ճակատին՝ պատճառելով մարմնական վնասվածք։