03/01/2026

Բաց նամակ ԵՄ դեսպանին․ ի՞նչ արժեքներ է իրականում պաշտպանում Եվրոպական միությունը Հայաստանում

Հարգելի պարոն դեսպան,

Նախ ցանկանում եմ արժևորել այն ջանքերը, որոնք գործադրել եք Ձեր Նոր տարվա ուղերձը հայերենով ներկայացնելու համար։

Ձեր այդ ելույթում Դուք նշել եք, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների։ Սրանք հիմնարար սկզբունքներ են։ Սակայն դրանց հղումը կտրուկ հակասության մեջ է մտնում այն վարքագծի հետ, որը ԵՄ-ն դրսևորել է Հայաստանում վերջին տարիներին։

Մինչև 2018 թվականը Ձեր գրասենյակը հստակ և վճռական կերպով արձագանքում էր ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների խախտումներին։ Այդ ժամանակից ի վեր, սակայն, չնայած գործող իշխանությունների կողմից իրականացվող լուրջ, կրկնվող և համակարգային չարաշահումներին, ձեր լռությունն այլևս հնարավոր չէ անտեսել։

2021 թվականից ի վեր մի շարք ժողովրդավարական ճանապարհով ընտրված ընդդիմադիր համայնքապետեր՝ այդ թվում Բերդում, Վանաձորում, Վարդենիսում, Գյումրիում և Մասիսում, ձերբակալվել են և դրան Եվրոպական միության կողմից որևէ նշանակալի արձագանք չի հետևել։ Միայն 2025 թվականին բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել, իսկ խղճի տասնյակ բանտարկյալներ շարունակում են մնալ ազատազրկման մեջ՝ կրկին առանց ԵՄ-ի հրապարակային արձագանքի։

2025 թվականի հունիսից ի վեր իշխանությունները բացահայտորեն անտեսում են Սահմանադրությունն ու կրոնական ազատության հիմնարար երաշխիքները՝ թիրախավորելով Հայ Առաքելական Եկեղեցին։ Հոգևորականության չորս բարձրաստիճան ներկայացուցիչներ մինչ օրս մնում են կալանքի տակ, մինչդեռ Ձեր գրասենյակը ոչ ճանաչել, ոչ էլ դատապարտել է այդ գործողությունները։

Այս պայմաններում անխուսափելի է ուղիղ հարցադրումը․ ի՞նչ արժեքներ է իրականում պաշտպանում Եվրոպական միությունը Հայաստանում։ Եվ ինչպե՞ս պետք է քաղաքացիները մեկնաբանեն ԵՄ-ի հռչակած հավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքներին, երբ ակնհայտ խախտումները հանդիպում են ձեր նման անգործությանը։

Սկզբունքների վերաբերյալ հայտարարությունները բավարար չեն։ Չարաշահումների հանդեպ լռությունը չի պաշտպանում ժողովրդավարությունը՝ այն թուլացնում է։ Հայ ժողովուրդն արժանի է հռչակված արժեքներին համահունչ գործողությունների, այլ ոչ թե իրականությունից կտրված, խնամքով ձևակերպված հայտարարությունների։

Հարգանքով,

Գարեն Մեգերդիչյան

Ֆրանսիայի քաղաքացի