19/01/2026

Բաքվի համար առնվազն «ընկալելի են» Նախիջևանի հետ հաղորդակցության ոչ էքստերիտորիալության իմաստով

«Հայաստանը և ԱՄՆ-ը համաձայնել են ստեղծել համատեղ ձեռնարկություն՝ «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» նախագծի իրացման շրջանակներում Հայաստանում զարգացնելու հաղորդակցության ուղիները»,- Վաշինգտոնում հունվարի 13-ին կայացած Ռուբիո-Միրզոյան բանակցությունների արդյունքում տարածված համատեղ հայտարարության վերաբերյալ գրել է Թուրքիայի «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական պետական լրատվամիջոցն իր կողմից հիշեցրել է, որ անցյալ տարվա օգոստոսի 8-ին «Հայաստանի վարչապետ և Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ ստորագրել են Համատեղ հռչակագիր, որով դրվել է ներքին, երկկողմ և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների բացման հիմքը»:

Ըստ «Անադոլուի»՝ TRIPP նախագիծն ուղղված է «Հայաստանի ամբողջ տարածքում մուլտիմոդալ տրանզիտային կապի ստեղծմանը, որ կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա»:

«Ակնկալվում է, որ նախագիծը (TRIPP-ը) Ադրբեջանի հիմնական մասը միացնելով Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ և ստեղծվել Տրանսկասպյան առևտրային երթուղու կարևորագույն օղակը, Հայաստանի Հանրապետությանը փոխադարձ շահ կբերի՝ նրա համար ապահովելով ներքին և միջազգային հասանելիություն»,- իր դիտարկումներն ամփոփել է «Անադոլուն»՝ մինչ այդ ներկայացնելով Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության սկզբունքային դրույթները:

Գրեթե համաժամանակյա՝ Բաքվի իշխանական minval politika-ի համար մեկնաբանություններ է արել Սեուլի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ռովշան Իբրահիմովը: Բավական մանվածապատ դատողություններից հետո նա հնչեցրել է ամենակարևորը. «Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը պետք է հասկանալ այնպես, որ տրանզիտն ապահովվելու է առանց Ադրբեջանի համար էքստերիտորիալության, այսինքն՝ տարածքը մնում է Հայաստանի իրավազորության ներքո, իսկ Ադրբեջանի համար ապահովվում է անվտանգություն»:

Ճիշտ է, նույն տեղում Իբրահիմովը պնդում է, որ Ադրբեջանը «երբեք էքստերիտորիալության պահանջ չի դրել, ինչպես ներկայացնում էր Հայաստանը»,- բայց նոյեմբերի 10-ի եռակողմ Հայտարարության 9-րդ կետի մասին խոսում է վատ թաքցված ափսոսանքով, երբ օգտագործում է «այդ փաստաթուղթը Լեթայի ջրերին է տրվել» արտահայտությունը: Ոչ ոք չի մոռացել Իլհամ Ալիևի պնդումը. «Ադրբեջանից՝ Ադրբեջան գնալու համար մենք ոչ մի խնդիր չպետք է ունենանք»:

Քաղաքագետ Իբրահիմովի մեկնաբանությունն, անշուշտ, Բաքվի պաշտոնական տեսակետը չէ: Պետք է սպասել Ադրբեջանի ԱԳՆ-ի կամ արտաքին քաղաքականության հարցերով Իլհամ Ալիևի օգնական Հաջիևի արձագանքին:

Այդուհանդերձ, թե «Անադոլուի» չափազանց զուսպ անդրադարձը, թե ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցի հրապարակման ընդհանուր տոնայնությունը թույլ են տալիս ենթադրել, որ Ռուբիո-Միրզոյան բանակցությունների արդյունքներով տարածված փաստաթուղթն ընդհանուր առմամբ պաշտոնական Բաքվի համար առնվազն «ընկալելի են» Նախիջևանի հետ հաղորդակցության ոչ էքստերիտորիալության իմաստով: