«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը.
«2025 թվականին Եվրոպայի էներգետիկ հաշվեկշիռը հասել է պատմական շրջադարձային կետի։ Ember վերլուծական կենտրոնի կողմից պատրաստված European Electricity Review զեկույցի համաձայն՝ Եվրոպական միության (ԵՄ) պատմության մեջ առաջին անգամ վերականգնվող էներգիայի աղբյուրները միասին արտադրել են ավելի շատ էլեկտրաէներգիա, քան բոլոր տեսակի հանածո վառելիքները միասին վերցրած։
Քամու և արևային էներգետիկայի բաժինը կազմել է ԵՄ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ռեկորդային 30%, մինչդեռ հանածո վառելիքներից ստացվել է 29%։ Զեկույցը ընդգրկում է ամբողջ 2025 թվականը և վերլուծում է էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը ԵՄ բոլոր 27 անդամ պետություններում՝ ցույց տալով, թե ինչպես է տարածաշրջանի էներգետիկ կառուցվածքը աստիճանաբար շեղվում հանածո ռեսուրսներից դեպի վերականգնվող աղբյուրներ։
Քամու և արևի առաջատար դիրքի հասնելու հիմնական գործոնը եղել է արևային էներգետիկայի արագ զարգացումը։ 2025 թվականին արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 20,1%-ով, և սա արդեն չորրորդ տարին անընդմեջ է, երբ աճը գերազանցում է 20%-ը։ Արևային էներգիան ապահովել է ԵՄ-ի ամբողջ էլեկտրաէներգիայի ռեկորդային 13%-ը, առաջ անցնելով ինչպես ածխային, այնպես էլ հիդրոէներգետիկայից։
Աճը համատարած բնույթ է կրել․ ԵՄ բոլոր երկրներում արևային էներգիայի արտադրությունը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը՝ նոր հզորությունների լայնածավալ ներդրման շնորհիվ։
Հունգարիայում, Կիպրոսում, Հունաստանում, Իսպանիայում և Նիդերլանդներում արևային էներգետիկան ապահովել է էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 20%-ը։ Ինչպես հաղորդում է Naked Science տեղեկատվական պորտալը, ընդհանուր առմամբ վերականգնվող էներգիայի աղբյուրները 2025 թվականին ապահովել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի 48%-ը։
Եղանակային պայմանները նույնպես ազդել են գեներացիայի կառուցվածքի վրա․ հիդրոէլեկտրակայանների արտադրությունը նվազել է 12%-ով, քամու էներգիայի արտադրությունը՝ 2%-ով, մինչդեռ ավելի արևոտ եղանակը նպաստել է արևային էներգիայի զգալի աճին։
Այնուամենայնիվ, քամու էներգետիկան պահպանել է ԵՄ-ում երկրորդ խոշորագույն էլեկտրաէներգիայի աղբյուրի կարգավիճակը՝ 17% բաժնով՝ առաջ անցնելով գազային գեներացիայից»:






Բաց մի թողեք
«4 ամիս առանց քեզ». հոր սպшնությունից 4 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը հուզիչ գրառում է արել
Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք
37 տարեկան Հենոն՝ Հենրիխ Մխիթարյանը, շարունակում է հաղթական գոլեր խփել