
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։
Նրանք քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Թուրքիայի առաջնորդը ընդգծել է Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության կարևորությունը Թուրքիայի համար՝ նշելով, որ Անկարան ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին։
Առաջնորդները հատուկ ուշադրություն են դարձրել «Իսլամական պետության» դեմ պայքարին ու Սիրիայում ձերբակալված ԻՊ զինյալների իրավիճակին։
Գազայի հատվածի վերաբերյալ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի համակարգել իր ջանքերը Միացյալ Նահանգների հետ անկլավում խաղաղություն հաստատելու հարցում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» հրավիրելու համար։
***
Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը և ամերիկյան կողմին տեղեկացրել այս մասին։
ԱՄՆ-ին կուղարկվի պաշտոնական նամակ, որը հաստատում է Ադրբեջանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին, և համապատասխան միջոցառումները կիրականացվեն պահանջվող ընթացակարգերին համապատասխան, հայտնել են պաշտոնական աղբյուրները։








