Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ընդունել է Բաքվում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին: Այդ մասին նա գրառում է կատարել իր թելեգրամյան ալիքում:
Ըստ այդմ, Արաղչին կարևորել է Ադրբեջանի հետ հարաբերությունները: Դեսպան Դեմիրչիլուն ներկայացրել է անցյալ տարում իրանա-ադրբեջանական պաշտոնական շփումները, երկկողմ հանդիպումները գնահատել «կառուցողական»:
Իրանի արտգործնախարարը Բաքվում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին ընդունել և, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ ցուցումներ է տվել երկրում ծայր առած բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին, երբ, մանավանդ, ներքաղաքական հետագա զարգացումների հավանական ցուցիչ է համարվում իրանական Ադրբեջանի դիրքորոշումը:
Բաքվի «Զերկալո» ռուսալեզու պարբերականն այդ առթիվ կանխատեսում է, որ Իրանի էթնիկ ադրբեջանցի բնակչությունը «քաղաքական ինքնության հայտ, ըստ երևույթին, չի ներկայացնի, կբավարարվի մշակութային որոշ ազատություններով»:
Կարելի է զգուշորեն ենթադրել, որ անկախությունից ի վեր Բաքվում սնուցված «միասնական Ադրբեջան» նախագիծը Թավրիզում և իրանական Ատրպատականի մյուս թուրքախոս քաղաքներում բավարար աջակցության չի արժանացել:
Ադրբեջանական լրատվամիջոցն արձանագրել է, որ Իրանի թուրքախոս բնակչությունը «քաղաքական առաջնորդ և բավարար ենթակառուցվածքներ չունի»:
Այս համատեքստում ամերիկյան Stratfor վերլուծաբանական կենտրոնը, որ ունի Կենտրոնական հետախուզական վարչության հետ աֆիլացված կառույցի համարում, կանխատեսել է, որ ընթացիկ տարում Ադրբեջանը «կշարունակի «Արաքսի միջանցքի» իր հատվածի կառուցումը՝ որպես TRIPP նախագծի այլընտրանք»:
Խոսքը վերաբերում է Իրանի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության նախագծին, որի հիմնարկեքը կատարվել է շուրջ երկու տարի առաջ:
Անցած տարեվերջին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը խոսել է «Թրամփի ուղի» նախագծով Հայաստանի «ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման անհրաժեշտության» մասին:
Ի՞նչ նկատի ունի նա, կարելի է ենթադրել, բայց վաշինգտոնյան համաձայնությունները որևէ հավելյալ պարտավորություն պաշտոնական Երևանին չեն հասցեագրում: «Արաքսի միջանցքի» կառուցումը շարունակելու Բաքվի մտադրվածությունը, որի մասին ասված է Stratfor-ի վերլուծականում, ամենայն հավանականությամբ, ազդակ է ԱՄՆ-ին և անձամբ նախագահ Թրամփին, որպեսզի վերջինս Հայաստանի նկատմամբ «ճնշումներ գործադրի»:
Որքանո՞վ կարող է Բաքուն ազդել իրանական Ատրպատականի թուրքախոս բնակչության դիրքորոշմանը: Երևում է, Թեհրանում այդ սպառնալիքը բավական առարկայական են գնահատում, ուստի ընտրել են Ադրբեջանին «ավելի գրավիչ առաջարկ ներկայացնելու» տարբերակը:
Դժվար է ասել, թե Իրանը ե՞րբ և, մանավանդ, ի՞նչ միջոցների հաշվին կկառուցի «Արաքսի միջանցքի» իր հատվածը, որ պետք է Աղբենդ բնակավարը կապի Նախիջևանի Ջուլֆա երկաթուղային կայարանի հետ, բայց այդ թեմայով Թեհրան-Բաքու քաղաքական քննարկումներն, ըստ էության, «Թրամփի ուղի» նախագծի իրացման համար հավելյան բարդություն են:






Բաց մի թողեք
ԱՄՆ փոխնախագահը խոսել է Եվրոպայի, Վենեսուելայի նախագահի ձերբակալության մասին
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին համարժեք գործընկեր չի համարում
Վարչատարածքային բաժանման ի՞նչ մոդել կընտրի Ադրբեջանը, ինչ սպասել Ալիևից