Վրաստանի եվրոպական ընտրության աջակից ինը ընդդիմադիր կուսակցություններ միավորվել և ստեղծել են «Ընդդիմադիր ալյանս», որ գլխավոր նպատակ է հռչակել «հասնել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը և ազատ ու արդար ընտրությունների անցկացումը»:
Ալյանսի առանցքային ուժը, որքան հասկացվում է մաս կազմող քաղաքական ուժերի հրապարակված ցանկից, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն է:
Սաակաշվլին այդ առթիվ ֆեյսբուքյան գրառում է կատարել և հրապարակայնացրել, որ ընդդիմության մի զգալի հատվածի միավորման գործընթացի կենտրոնում ամիսներ շարունակ ինքն է եղել: Նախկին նախագահը համարել է, որ դա «Վրաստանի թշնամիների առաջին լուրջ պարտությունն է, քանի որ նրանց նպատակը վրացական հանրության մասնատումն» է:
«Ընդդիմադիր ալյանսի» ձևավորմանը անդրադարձել է նաև Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«(Ընդդիմադիր պայքարի) փորձը ցույց է տալիս, որ երկրի անկախությունը, ազատությունը և զարգացումը պետք է վեր լինեն ցանկացած կուսակցական կամ այլ նեղ շահերից: Ապագայի այդ տեսլականը միայն կարող է միավորել ընդդիմությանը և հանրությանը, որպեսզի հաղթահարվի մասնատվածությունը և տեղի ունենա համազգային համախմբում»,- Ֆեյսբուքի անձնական օգտահաշվում գրել է Վրաստանի նախկին նախագահը:
Ըստ երևույթին, վրացական ընդդիմության մի զգալի հատվածի միավորումը քաղաքական լուրջ գործընթաց է կանխորոշում: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» արձանագրել է, որ «վրացական ընդդիմությունը պաշտպանում է Իրանի դեմ ԱՄՆ հարձակումը» և վկայակոչել «Լելո» կուսակցության առաջնորդ Գեգելիայի հայտարարությունը, ըստ որի Իրանի դեմ «պատերազմը վկայում է Վրաստանի արտաքին քաղաքականության սխալականությունը, որ Արևմուտքի փոխարեն Իրանի նման գործընկեր է ընտրել»:
Վրաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր միակ՝ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչ Թեոնա Ակուբարդիան չի բացառել, որ իսրայելա-ամերիկյան հարվածների արդյունքում Իրանի «կրոնապետությունը կփլուզվի, իսկ Վրաստանի գործող իշխանությունները դատապարտել են Իրանի դեմ ԱՄՆ ռազմագործողությունը», իսկ «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Ղվարամիայն հիշեցրել է Թբիլիսիի հեռուստաաշտարակն Իրանի դրոշի գույներով ներկելու փաստը:
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի, վրացական ընդդիմությունը «փորձում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն օգտագործել և եվրոպական համերաշխության աջակցությամբ հակաիշխանական քայլերի դիմել»:
Այդ առումով կարևորվում է փաստը, որ «Ընդդիմադիր ալյանսի» ձևավորումից կարճ ժամանակ առաջ այդ կուսակցությունները դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Լյայենին և «դժգոհել Վրաստանում ժողովրդավարական փոփոխությունների բացակայությունից»:
Հասկանալի է, որ Մոսկվայում ներվրաստանյան իրադարձություններով մտահոգված են և Վրաստանի ընդդիմության մի զգալի մասի համախմբումը գնահատում են որպես «Եվրամիության հովանավորության հետևանք»:
Ինչի՞ ընդունակ կլինի «Ընդդիմադիր ալյանսը», վաղ է որևէ կանխատեսում անել, բայց այդ իրողությունը Բրյուսելում և, հավանաբար, Վաշինգտոնում հազիվ թե անտեսվի:
Եվրահանձնաժողովը տարեսկզբից Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ԵՄ տարածք մուտքի սահմանափակումներ է կիրառել: Դրանք կարող են կիրառվել նաև Վրաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ, եթե «Վրացական երազանքի» կառավարությունը քաղաքական ուղեգիծ չփոխի: Պաշտոնական Թբիլիսին շարունակում է մնալ «ազգային ինքնության և քաղաքակրթական ավանդույթների պահպանման» դիրքորոշմանը, որ Եվրամիությունը գնահատում է իբրև «ռուսաստանամետ»: Փետրվարի 6-ին, Հայաստան և Ադրբեջան այցին ընդառաջ, ԱՄՆ փոխնախագահ Վենսը Միլանում հանդիպել է Վրաստանի նախագահին և արտգործնախարարին: Երևում է, «Վրացական երազանքի» կառավարության հանդեպ Սպիտակ տան վերաբերմունքը դրանից էականորեն չի փոխվել: Բայց Վաշինգտոնը վրացական «Ընդդիմադիր ալյանսին» կաջակցի՞:

Բաց մի թողեք
Մակրոնը և Մերցը մեկնում են Չեռնոգորիա, մինչ ԵՄ-ն մրցում է իր հաջորդ սահմանը ապահովելու համար
Զելենսկին Պուտինին ուղղված բաց նամակում առաջարկում է դեմ առ դեմ հանդիպում՝ պատերազմի ավարտը քննարկելու համար
Հունգարիայի՝ Ուկրաինայի ԵՄ անդամակցության վրա դրված վետոն չեղարկող գործարքի շրջանակներում